1 մլն մարդու հաշվարկով մենք ավելի շատ թեստ ենք արել, քան Հարավային Կորեան, Ուկրաինան․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

17:25 • 12.06.20

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը այսօր Ազգային ժողովի հատուկ նիստին, երբ քննարկվում էր արտահերթ դրությունը երկարաձգելու մասին հարցը, վարչապետի ուշադրությունը հրավիրեց մասսայական թեստավորմանը և բերեց այն երկրների օրինակը, որտեղ մասսայական թեստավորում է արվում:

Նրա կարծիքով՝ մասսայական թեստավորումը բերում է ամենալավ արդյունքներին: Վարչապետը համաձայնեց, սակայն նշեց, որ այդտեղ հնարավորությունների և հզորությունների հարց կա:

«Փողի խնդիր չկա, սակայն ամբողջ աշխարհում այդ ապրանքների շատ մեծ դեֆիցիտ է, և հերթի կանգնած պետք է սպասեն, որ դա ձեռք բերեն»,-ասաց նա և նշեց, որ ամեն օր խոսվում է, որ թեստավորման ծավալները պետք է ավելացնել:

«Հարավային Կորեան 1 մլն մարդու հաշվով արել է 21 հազար թեստ, Ուկրաինան՝ 10 հազար թեստ, մենք՝ 25 հազար թեստ: Այսինքն 1 մլն մարդու հաշվարկով մենք ավելի շատ թեստ ենք արել: Ամեն օր արձանագրվում է, որ ինչքան շատ անենք, այնքան լավ: Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ հզորությունները զարգացնենք, որպեսզի կարողանանք այդ խնդիրը հնարավորինս շատ լուծել»,-ասաց նա: