Հայաստանում կորոնավիրուսի համավարակի մասին ամբողջ իրականությունը կիմանանք միայն իշխանափոխությունից հետո. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)

15:51 • 12.06.20

Արտակարգ դրության իրավական ռեժիմը երկարաձգելու իրական նպատակը պետք է լինի առողջապահականը, բայց կառավարությունն այսկերպ փորձում է սահմանափակել իր ընդդիմախոսների իրավունքները: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանը:

«Եթե վարչապետը կարծում է, որ իր պատասխանատվության բեռն անչափ մեծ է, ցանկացած պահի կարող է այն զիջել «Լուսավոր Հայաստանին»: Բայց այս պահին Հայաստանն ունի մեկ խնդիր՝ համավարակի դեմ պայքարը: Տարբեր պետություններում հիվանդների թվի նվազում է գնում, և Հայաստանը ճիշտ կազմակերպչական քայլեր անելու դեպքում ևս կհաջողի»,- ասել է պատգամավորը:

Ըստ Սիմոնյանի՝ «Լուսավոր Հայաստանը» չի կարող միանալ ԲՀԿ-ի իշխանափոխության ծրագրին, քանի որ հայտնի չէ՝ ո՞վ է վարչապետի նրանց թեկնածուն. «ԲՀԿ-ն մեզ անվանապես չի դիմել, որևէ քննարկում նրանց հետ չի եղել: «Լուսավոր Հայաստանն» ինքը կարող է դառնալ այն ուժը, որի շուրջ կհամախմբվեն մյուս ընդդիմադիրները: ԲՀԿ-ի անցյալի սխալները, ՀՀԿ-ի հետ կոալիցիոն գործակցությունն այն բեռն է, որը թույլ չի տալիս նրան ազատորեն գործել»:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ «Լուսավոր Հայաստանն» իշխանություն դառնալու հայտ է ներկայացրել շատ վաղուց, և վստահ է՝ հաջորդ իշխանությունը հենց իրենք են. «Արտահերթ ընտրությունների մեկ տարբերակ կա՝ վարչապետը պետք է հրաժարական տա, և խորհրդարանը երկու անգամ չընտրի նոր վարչապետ: Այս փուլում դա անիրագործելի է: Ինչ վերաբերում է ՍԴ-ին, նրա կազմը ԱԺ-ի միջոցով փոխելու քայլն ընդունելի չէ, ինչպես և հանրաքվեն: Միակ տարբերակը նոր Սահմանադրության ընդունումն է»:

Կարեն Սիմոնյանի պնդմամբ՝ իշխանությունը ժողովրդավարության ամրապնդման սեփական խոստումները չի իրականացնում. «Սա դեմոկրատական ուղով գնացող ուժի քաղաքական ճանապարհ չէ: Եթե ընդդիմությունը չի համաձայնում իշխանության հետ, դեմոկրատական իշխանական ուժը պետք է համոզված լինի, որ դա անհրաժեշտ պայման է ժողովրդավարության համար. ընդդիմությանը ջարդելու ճանապարհով գնալը սխալ է»:

Պատգամավորի պնդմամբ՝ այսօր կա անհամարժեք մոտեցում համավարակային իրավիճակի նկատմամբ, երբ կառավարությունն զբաղված է, օրինակ, գույքահարկի մասին օրենքի մշակմամբ: «Քաղաքական օրակարգ չի կարելի բերել այլ հարցեր, բացի համավարակի դեմ պայքարից: Չորս ամիս անց իշխանությունները դեռևս չգիտեն՝ ով ունի աջակցության կարիք, ով՝ ոչ: Իշխանությունը պետք է տիրապետի թվերին, թե քանի՞ կարիքավոր կա»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով. «Հայաստանի կառավարությունը տապալել է համավարակի դեմ պայքարը: Հայաստանում կորոնավիրուսի համավարակի մասին ամբողջ իրականությունը կիմանանք միայն իշխանափոխությունից հետո»:



Դավիթ Սարգսյան