Այո՛, ընդունում ենք, որ կան խնդիրներ, բայց դուք տեսել եք, թե ոնց էր ոստիկանությունը գործում 2004 թվականին, 2008 թվականին. Վլադիմիր Վարդանյան

18:20 • 12.06.20

Այսօր սահմանափակելով հավաքների ազատությունը՝ դու երաշխավորում ես մարդու կյանքի, առողջության իրավունքը: Այս մասին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Նա նշեց, որ սահմանափակումները արդարացի են: Խոսելով ապատեղկեատվության մասին՝ պատգամավորն ասաց, որ Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը սկզբում ասել, թե գուցե դիմակ կրելը վտանգավոր է, իսկ հետո ուսումնասիրությունները վկայում են, որ դիմակ կրելն անհրաժեշտ է, որ ոչ թե դիմակով չես վարակվում այլ չես վարակում:

«Վաղը եթե ապացուցվի, որ ծխելը ենթադրենք օգտակար է վիրուսի չտարածմանը, հիմա պետք է ասե՞ք ապատեղեկատվություն եք տարածում»,-ասաց նա:

Անդրադառնալով ոստիկանության գործունեությանը՝ պատգամավորն ասաց, որ ոստիկանության բարեփոխումները բոլորիս համար կարևոր նշանակություն ունեն: Այո՛, ընդունում ենք, որ կան խնդիրներ, իսկ դուք տեսել եք, թե ոնց էր ոստիկանությունը գործում 2004 թվականին, 2008 թվականին, ես անձամբ եմ ականատես եղել: Ինչի՞ մասին ենք մենք հիմա խոսում»,-ասաց նա և նշեց, որ եթե ոստիկաններն օրենքի կանոնների խախատումներ են թույլ տվել, պետք է կրեն պատասխանատվություն:

Անձնական տվյալների տարածման դեպքերի վերաբերյալ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ թվային հասարակությունում բավականին բարդ է անձնական տվյալների պաշտպանությունը: «Եթե դրանում պետական մարմինների մեղավորությունն է, եկեք հայտնաբերենք մեղավորներին: Եթե գործը պետական մարմիններից դուրս է, և այս կամ այն անհատի աշխատանքի արդյունք է՝ եկեք չմեղադրենք պետությանն այն բանի համար, ինչը վերջինս չի կարտարել»,-ասաց նա: