Facebook-ը Դոնալդ Թրամփին ստեր տարածելու հնարավորություն է տալիս. Բայդեն

11:21 • 12.06.20

ԱՄՆ նախկին փոխնախագահ և Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը վստահ է, որ Facebook սոցկայքի տնօրինությունը թույլ է տալիս գործող նախագահ Դոնալդ Թրամփին ցանկացած, այդ թվում՝ կեղծ տեղեկություն հրապարակել, այս մասին ասվում է հունիսի 11-ին հրապարակված Բայդենի՝ սոցկայքի ղեկավարությանն ուղղված բաց նամակում։

Բայդենն ընդգծել է, որ Facebook-ը նախկինում խոստացել էր քայլեր ձեռնարկել «ապատեղեկատվության տարածման կանխարգելման ուղղությամբ», սակայն ընկերության աշխատակիցները որևէ իրական միջոց չեն ձեռնարկել այս ուղղությամբ։ Ավելին՝ թույլ են տալիս Թրամփին «խոսել ինչ պատահի և վճարել, որպեսզի նրա անհեթեթ հայտարարությունները միլիոնավոր ընտրողներ տեսնեն»։

Նախկին փոխնախագահը կարծում է, որ քվեարկությունից երկու շաբաթ առաջվանից սկսած Facebook-ում քաղաքական գովազդի հավաստիությունը պետք է ստուգվի։

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 3-ին: