«Եղել է ռասիստ». Պրահայում պղծել են Ուինսթոն Չերչիլի արձանը (տեսանյութ)

11:35 • 12.06.20

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնում անհայտ անձինք պղծել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի արձանի պատվանդանը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Պրահայի ոստիկանության մամուլի քարտուղար Յան Ռիբանսկիին:

Վանդալները պատվանդանին կարմիր ներկով թողել են «Եղել է ռասիստ» և «Սևամորթների կյանքերը նշանակություն ունեն» գրառումները:

Ռիբանսկին նշել է, որ տեղի ունեցածն «ամենայն հավանականությամբ կապված է ԱՄՆ-ում ոստիկանական բռնության և ռասիզմի դեմ անցկացվող բողոքի ցույցերի հետ»:

Նրա խոսքով` հետաքննություն կսկսվի գույքին հասցված վնասի համար:

Պատվանդանը մաքրվել է գրառումներից քաղաքային բյուջեի հաշվին: