Թունիսի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով 48 ներգաղթյալ է զոհվել
Թունիսի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով 48 ներգաղթյալ է զոհվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում տալով Թունիսի պաշտպանության նախարարության հայտարարությանը։
«Թունիսի առափնյա պահպանության ծառայության ստորաբաժանումները կարողացել են առավոտյան ևս 13 մարմին հայտնաբերել, որոնց թվում՝ 9 տղամարդ և 4 կին։ Այսպիսով՝ մահացածների ընդհանուր թիվը հասել է 48-ի»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Թունիսի հարավարևելյան ափերի մոտ խորտակված նավի վրա աֆրիկյան տարբեր երկրներից 53 ներգաղթյալ է եղել։
«Մնացած ներգաղթյալների որոնողական աշխատանքները շարունակվում են»,-գրում է լրատվամիջոցը։
Նախնական հետաքննության տվյալներով՝ Սֆաքս քաղաքի մոտակայքով նավն ուղևորվել է դեպի Իտալիայի ափեր, սակայն խորտակվել է Կերկեննա կղզիների մերձակա շրջաններում։
«Անցյալ տարի Թունիսը նոր կարևոր ուղղություն է դարձել ներգաղթյալների համար, որոնք փորձում են Եվրոպա հասնել, իսկ Կերկեննան հայտնի է նրանով, որ մեկնման հիմնական անօրինական կետերից է համարվում»,-նշում է «Սինհուա»-ն։










