Մոտ 10 000 նոր դեպք․ Հնդկաստանում կորոնավիրուսի վարակակիրների օրական ցուցանիշի ռեկորդ է սահմանվել
Հնդկաստանում հունիսի 11-ին կորոնավիրուսով վարակման մոտ 10 000 նոր դեպք է գրանցվել, ինչն օրական գրանցված դեպքերի համար ռեկորդային ցուցանիշ է համարվում համավարակից մեծապես տուժած երկրում, հայտնում է Daily Mail պարբերականը։
Հնդկաստանում համավարակի սկզբից ընդհանուր հաստատվել է վարակման 286 579 դեպք, հիվանդությունից մահացել է 8 102 մարդ, որից 357-ը՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում։ Հայտնի է, որ ընդհանուր վարակակիրների թվով Հնդկաստանն աշխարհում հինգերորդ հորիզոնականում է։
Նշվում է, որ վարակման այս ալիքը սկսվել է կառավարության կողմից սահմանափակումների ռեժիմի թուլացման, այդ թվում՝ ռեստորանների, առևտրի կենտրոնների և երկրպագության վայրերի վերաբացման ֆոնին։ Ենթադրվում է, որ վարակակիրների իրական թվերը շատ ավելին են, սակայն թեստավորման սահմանափակ հնարավորությունների հետևանքով դրանք չեն արտացոլվում թվերում։
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օրական մոտ 150 000 թեստ է անցկացվում, իսկ համավարակի սկզբից կատարվել է ընդհանուր ավելի քան 5 միլիոն թեստավորում։ Նշվում է նաև, որ հիվանդությունից առողջացածների ընդհանուր թիվն առաջին անգամ գերազանցել է ակտիվ վարակակիրների թիվը։










