«Չեմ անհանգստանում, այլ ողջունում եմ ցանկացած հետաքննություն»․ Իտալիայի վարչապետին կորոնավիրուսի դեմ ոչ լիարժեք պայքարի համար հարցաքննության են կանչել
Կորոնավիրուսի համավարակից մեծապես տուժած իտալական Բերգամո քաղաքում ուրբաթ հարցաքննելու են երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին. Covid-19-ից մահացածների հարազատները կառավարությանը մեղադրում են անփութության համար և հետաքննություն են պահանջել: Կոնտեն, իր հերթին, հայտարարել է, որ վախենալու որևէ բան չունի, հայտնում է ru.delfi.lt կայքը։
Մահացածների հարազատները կարծում են, որ Բերգամոյում և կորոնավիրուսի բռնկման այլ էպիկենտրոններում անհրաժեշտ էր ավելի վաղ կարանտինային ռեժիմ սահմանել։
Աղբյուրը մանրամասնում է, որ հինգշաբթի Noi Denunceremo հասարակական կազմակերպության կողմից, որի կազմում են մահացածների հարազատները, մոտ 50 իրավաբանական բողոք է ներկայացվել քաղաքի դատախազությանը։ Մարդիկ կարծում են, որ Լոմբարդիայի երկու քաղաքում՝ Ալցանո-Լոմբարդոյում և Նեմբրոյում, անհրաժեշտ էր կորոնավիրուսի բռնկումից անմիջապես հետո կարմիր գոտի հայտարարել։
Հայտնի է, որ սա Իտալիայում համավարակի հետ կապված առաջին խմբային հայցն է։ Լոմբարդիայում իշխանությունն ընդդիմադիր աջակողմյան «Հյուսիսի լիգա» կուսակցության ձեռքում է, ուստի շատերը կորոնավիրուսի դեմ ոչ լիարժեք պայքարի համար ոչ թե կենտրոնական կառավարությանը, այլ այս տեղական իշխանություններին են մեղադրում։
Նշվում է, որ դատախազությունը վարչապետից բացի պատրաստվում է նաև երկրի ներքին գործերի նախարար Լուչանա Լամորջեզեին և առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցային հարցաքննել։
Դատախազները ցանկանում են հասկանալ՝ արդյոք հանցավոր անփութության մեղադրանքներ ներկայացնելու համար բավարար հիմքեր կան։
Հայտնի է, որ Եվրոպայում կորոնավիրուսը սկսել է տարածվել հենց Լոմբարդիայից. Իտալիայում գրանցված մահերի կեսից ավելին հենց այս շրջանում է գրանցվել։
Ուրբաթ օրվա դրությամբ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 236 000 դեպք, որից ավելի քան 34,1 հազարը՝ մահվան ելքով․ մահացության ցուցանիշով Իտալիան աշխարհում չորրորդ երկիրն է։
Խիստ կարանտինային միջոցառումների արդյունքում այժմ իշխանություններին հաջողվել է նոր վարակակիրների թիվը նվազեցնել։
«Ես բարեխղճորեն ինձ հայտնի բոլոր փաստերը կշարադրեմ։ Չեմ անհանգստանում, այլ ողջունում եմ ցանկացած հետաքննություն։ Քաղաքացիներն իմանալու, իսկ մենք՝ պատասխանելու իրավունք ունենք»,- իր հերթին հայտարարել է Կոնտեն։










