Merriam-Webster բառարանից հետո, այժմ էլ Օքսֆորդի բառարանը կհստակեցնի «ռասիզմ» բառի սահմանումը

11:14 • 12.06.20

Օքսֆորդի անգլերեն բառարանի (OED) հրատարակիչներն իրենց հոդվածներում աշխատում են «ռասիզմ» բառի սահմանման առավել ամբողջական արտացոլման ուղղությամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Օքսֆորդի համալսարանի հրատարակության ներկայացուցիչ Էլլա Փերսիվալը:

Նրա խոսքով` այս քայլն արվում է ԱՄՆ-ում աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի մահվան հետևանքով առաջացած հակառասիստական բողոքի ակցիաների համատեքստում:

Գործակալության զրուցակիցը խոստովանել է, որ թեև ռասիզմի սահմանումը վերանայվել է բառարանի 2019 թվականի հրատարակության մեջ, սակայն այդ հասկացության լեքսոգրաֆիկ մասշտաբը պետք է լինի առավել ամբողջական և ճշգրիտ:

«Մենք «կառուցվածքային ռասիզմ» և «համակարգային ռասիզմ» տերմինների համար նոր հոդվածների վրա ենք աշխատում: Դա անհրաժեշտ է, որպեսզի հստակ արտահայտվեն և բացատրվեն ռասիզմի տարբեր ասպեկտները և հասարակության համար դրա հետևանքները»,-ասել է Փերսիվալը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Merriam-Webster բառարանի խմբագիրները համաձայնել են Դրեյք համալսարանի շրջանավարտի՝ «ռասիզմ» բառի սահմանումը փոխելու առաջարկին: