Եթե ես ներգրավվեմ կոռուպցիայի մեջ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել. վարչապետ
Հայաստանում որոշ խմբեր ցանկանում են վստահության ճգնաժամ ստեղծել, ինչը կապված է մի շարք քրեական գործերի ընթացքի հետ: Եթե մենք հետևողական լինենք այդ գործերը մինչև վերջ տանելուն, համոզված եմ, որ այդ հին համակարգի վերջին մնացուկները կփլուզվեն, դրանով այդ պատմությունը կավարտվի։ Այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանի՝ ապատեղկատվություն տարածվելու վերաբերյալ հարցին։
Դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ ասել, սիրելի հայրենակցիներ, բոլոր այն տեղեկատվությունները, որոնք իրենց բովանդակությամբ կհակասեն թավշյա և ոչ բռնի հեղափոխության արժեքներին, գաղափարներին և էությանը, իմացեք, որ դա սուտ է ի սկզբանե, նույնիսկ դա քննարկելու կարիք չկա: Եթե որևէ մեկը մատն էլ կտրի, ասի, որ ես վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ է, այդպիսի բա չի կարող լինել մի պարզ պատճառով, որ ես պաշտոնը ստանձնելուց ասել եմ, և հավատրիմ եմ այդ ասածին ամեն օր: Ասել եմ, որ եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել, ուրիշ ոչ մի բան»,-ասաց նա:
Ըստ երևույթին դահլիճից ասացին՝ Աստված չանի, քանի որ վարչապետը արձագանքեց՝ Աստված կապ չունի այստեղ:










