Եվրամիությունում կորոնավիրուսի համաճարակի առաջին ալիքը չեն հաղթահարել միայն Լեհաստանն ու Շվեդիան. ECDC
Եվրամիության անդամ երկրներից կորոնավիրուսի համաճարակի առաջին ալիքը չեն հաղթահարել միայն Լեհաստանն ու Շվեդիան: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնին (ECDC):
Կենտրոնի զեկույցն ընդգրկում է դեկտեմբերի 31-ից հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածը և նշում է, որ Եվրոպայում, սահմանափակումների շնորհիվ, հաջողվել է վարակման մակարդակը պիկի ժամանակահատվածի համեմատ նվազեցնել 80%-ով:
Միևնույն ժամանակ, միջին հաշվով ԵՄ երկրներում, Եվրոպական տնտեսական գոտում և Մեծ Բրիտանիայում վարակվածության պիկը գրանցվել է ապրիլի 9-ին:
Այնուամենայնիվ, իրավիճակն ամենուր նույնը չէ, և Լեհաստանում ու Շվեդիայում վերջին 14 օրերին դեպքերի թիվն անընդհատ աճում է:
«Վարակման սկզբնական ալիքի պիկն անցել է բոլոր երկրներում, բացի Շվեդիայից և Լեհաստանից»,- ասված է ԵՄ-ի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Միացյալ Թագավորության համար կորոնավիրուսի ռիսկերի թարմացված գնահատականի մեջ:
Նշվում է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերն այս երկրներում համաճարակի սկսվելուց ի վեր ամենաբարձր մակարդակի վրա են: Շվեդիայի դեպքում ԵՄ փորձագետներն ընդգծում են, որ դեպքերի աճը հնարավոր է պայմանավորված լինի կատարված թեստերի քանակի աճով:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 7 630 715 է, մահացել է 424 472 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










