Starbucks-ն աշխատակիցներին արգելել է Black Lives Matter շարժումը հիշեցնող հագուստ կամ որևէ աքսեսուար կրել

16:01 • 12.06.20

Ամերիկյան Starbucks սուրճ վաճառող խանութների և սրճարանների ցանցն իր աշխատակիցներին արգելել է աշխատանքի ընթացքում Black Lives Matter (Սևամորթների կյանքը նշանակություն ունի) հակառասիստական շարժումը հիշեցնող հագուստ կամ որևէ աքսեսուար կրել, հայտնում է Buzzfeed պորտալը՝ հղում տալով ընկերության հայտարարությանը։

Ընկերությունն աշխատակիցներին ուղղված նամակում մերժել է նրանց՝ Black Lives Matter շարժումը խորհրդանշող շապիկներ հագնելու և նշաններ կրելու խնդրանքը՝ պատճառաբանելով, որ դա հակասում է ընկերության դրես-կոդի քաղաքականությանը, ըստ որի՝ արգելվում է այնպիսի աքսեսուարներ կրել, որոնք քաղաքական, կրոնական կամ անձնական շահեր են քարոզում։

Ընկերության տնօրինությունը հավելել է, որ Black Lives Matter շարժման նշանակությունն ընդգծող հագուստը և աքսեսուարները կարող են այլ կերպ մեկնաբանվել և կոնֆլիկտի պատճառ դառնալ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են մայիսի 25-ին սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։