Թաիլանդում ռեստորանի սեփականատերերը 1446 տարվա ազատազրկման են դատապարտվել այցելուներին խաբելու համար

11:35 • 12.06.20

Բանգկոկում հայտնի ծովամթերքի ռեստորաններից մեկի սեփականատերերը դատապարտվել են ընդհանուր 1446 տարվա ազատազրկման. պատճառն այցելուներին խաբելն է:

Ինչպես նշում է South China Morning Post-ը, Laemgate ռեստորանի սեփականատերեր Ապիչարտ Բովորնբանչարակն ու Պրապասորն Բովորնբանչան նախորդ տարի իրենց այցելուներին առաջարկել են բավական ցածր գներով ծովամթերքով լի շվեդական սեղաններից օգտվելու կտրոններ գնել: Ըստ գովազդային առաջարկի՝ տասը դոլար արժողությամբ մեկ կուպոնը նախատեսված է եղել տասը հոգանոց խմբի համար:

Գնորդներն առցանց պատվեր են տվել և գումարը նախապես փոխանցել ռեստորանի բանկային հաշվին: Ընդհանուր առմամբ, կուպոնները գնել է մոտ 20 000 մարդ:

Սակայն գնորդները հիասթափվել են, երբ ռեստորանը չեղարկել է իր ակցիան՝ պատճառաբանելով, որ չի հասցնում բավարարել ծովամթերքի մեծ պահանջարկը: Դրա հետևանքով մոտ 350 մարդ դիմել  է ոստիկանություն և ավելի քան 64 000 դոլար փոխահատուցում է պահանջում:

Սեփականատերերը ձերբակալվել են և մեղավոր ճանաչվել մեղադրանքի 723 կետով: Դատարանը նրանցից ամեն մեկին դատապարտել է 1446 տարի ազատազրկման, սակայն, հաշվի առնելով, որ տղամարդիկ ընդունել են իրենց մեղքը, ազատազրկման ժամկետը յուրաքանչյուրի համար կիսել են՝ հասցնելով 723 տարվա: