«Ապրի գլխավոր դատախազը». Սաակաշվիլին Ուկրաինայի գլխավոր դատախազին գովել է Պորոշենկոյի դեմ գործ հարուցելու համար

11:55 • 13.06.20

Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի նորանշանակ ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին գովել է երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային «իր մեջ ուժ գտնելու» և  նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու համար:

Ինչպես նշում է ria.ru-ն, Սաակաշվիլին այս մասին ասել է «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում

«Գլխավոր դատախազությունը վերջապես իր մեջ ուժ է գտել, ապրի գլխավոր դատախազը, որ Պորոշենկոյի դեմ գործ է հարուցել»,-ասել է պաշտոնյան:

Նա նկատել է, որ Պորոշենկոյի օրոք երկիրը 30%-ով ավելի է աղքատացել, մինչդեռ ինքը՝ նախկին նախագահը, կրկնապատկել է իր հարստությունը:

«Եթե գնանք այդ գումարների հետքերով, ապա շատ բան կգտնենք: Գիտեմ, որ շատերը դատախազությունում կասկածներ ունեն ու փորձում են կանգնեցնել գլխավոր դատախազն, սակայն նա իր որոշումն արդեն կայացրել է»,-ասել է Սաակաշվիլին:

Հավելենք, որ Պորոշենկոն կասկածվում է երկրի օրենսդրության խախտմամբ ուժային կառույցներում նշանակումներ կատարելու համար։ Խոսքն Արտաքին հետախուզության ծառայության առաջին փոխտնօրենի՝ 2018-ին իրականացված նշանակման մասին է, որն, ըստ ուկրաինացի քննիչների, ուղեկցվել է օրենքի մի շարք դրույթների կոպիտ խախտումներով։ Պորոշենկոն, քննիչների պնդմամբ, ճնշում է գործադրել հետախուզական ծառայության ղեկավարի վրա՝ ստիպելով նրան փոխտնօրենի պաշտոնում նշանակել ոմն Սերգեյ Սեմոչկոյի։