Այլ գործերով կզբաղվեմ. Դոնալդ Թրամփը խոսել է առաջիկա նախագահական ընտրություններում պարտվելու դեպքում իր քայլերի մասին

06:23 • 13.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ընդունել իր պարտությունը և այլ գործով զբաղվել, եթե առաջիկա նախագահական ընտրություններում ինքը հաղթանակ չտանի: Այս մասին նա հայտնել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Интерфакс-ի փոխանցմամբ՝ մեկնաբանելով իր մրցակցի՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, թե ընտրությունների ժամանակ պարտության դեպքում ինքը ստիպված կլինի Սպիտակ տանից զինվորականների օգնությամբ դուրս բերվել, Թրամփը պատասխանել է, թե «երկրի համար շատ տխուր կլիներ», եթե ինքը հաղթանակը զիջեր Բայդենին, սակայն ինքը կընդունի իր պարտությունը:

«Անխոս, եթե ես չեմ հաղթում, ուրեմն չեմ հաղթում: Առաջ կշարժվեմ և այլ գործերով կզբաղվեմ»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ Բայդենը վստահություն էր հայտնել, որ ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակի դեպքում զինվորականները ստիպված են լինելու Թրամփին դուրս բերել Սպիտակ տանից: Բացի դա, նա հայտնել էր, թե Թրամփը փորձ կանի «գողանալ» նոյեմբերյան ընտրությունների հաղթանակը: