ԱՀԿ-ն մեկնաբանել է խոզի գրիպի նոր վիրուսի մասին գիտնականների հրապարակումները

23:14 • 01.07.20

Խոզի գրիպի վիրուսը, որ մասին նախօրեին գրել էին չինացի գիտնականները, նոր չէ, այն խոզի գրիպի տարատեսակ է, որի մասին արդեն հայտնի է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում կայացած ասուլիսում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի հարցով տնօրեն Մայքլ Ռայանը:

«Կարևոր է հանգստացնել մարդկանց, ասել, որ դա նոր վիրուս չէ, դա հսկողության տակ գտնվող վիրուս է: Մենք հետևում ենք դրան»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ վիրուսը, որի մասին գրել են մասնագետները, 2016 թվականին ի հայտ եկած եվրասիական խոզի գրիպի հայտնի շտամ է, որը նման է թռչնագրիպին:

ԱՀԿ-ն միևնույն ժամանակ հույս ունի համագործակցելու Չինաստանի հետ՝ իրավիճակի հետագա ուսումնասիրության համար:

Հիշեցնենք, որ չինացի գիտնականներն ավելի վաղ հայտնել էին, որ վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել, որը, նրանց խոսքով, «համավարակ դառնալու մեծ ներուժ ունի»: Հետազոտության արդյունքների մեջ նշվում է, որ վիրուսը, որը կոչվում է G4 EA H1N1, փոխանցվում է խոզերի միջոցով: