Սկզբունքի և սոցիալական պատասխանատվության հարց է՝ որքանով է ճիշտ պետական գանձարանը քաղաքացիների միջոցով լցնելը. փորձագետը՝ կատալիզատորների բացակայության համար տուգանք սահմանող նախագծի մասին
«Պետական գանձարանն ունի ռեսուրսների ներգրավման խնդիր, բայց այստեղ հարցը սկզբունքի և նաև սոցիալական պատասխանատվության խնդիրն է, թե որքանով է ճիշտ իրականացնելը քաղաքացիների միջոցով»: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. տնտեսություն» հատվածում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանն՝ անդրադառնալով ավտոմեքենաների կատալիզատորների բացակայության համար տուգանքներ սահմանելու մասին օրենքի նախագծին:
Հաղորդման ընթացքում փորձագետը հարցեր է բարձրացրել. կա՞ արդյոք համապարփակ վերլուծություն այն մասին, թե մեզ մոտ օդի աղտոտվածությունն այն անհետաձգելի մակարդակում է, որ պանդեմիայի շրջանում կարելի է շրջանառել օրենքի նախագիծ, որը նախատեսվում են բավական բարձր տուգանքի չափեր:
«Այսպիսի միջոցառումների անցկացումը, որոնք որոշակի նոր էլեմենտներ են պարունակում, չենք կարող չդիտարկել որոշակի համադրությունների համատեքստում: Վրաստանում օրինակ, նմանատիպ բարեփոխումներն իրականացվում են կոմպլեքս: Դա վերաբերում է ոչ միայն մեքենաներում կատալիզատորների առկայությանն, այլև վառելիքի որակին, մեքենաների թվերին և այլն, որոնց վերջնարդյունքին հասնելու համար պետությունը սահմանել է երկու տարի ժամկետ: Զուտ կատալիզատորների պարտադիր առկայությանը Վրաստանն անցել է 2020թ. ապրիլից, որը պիտի արտահայտվի նոր նորմերով տեխզննման առկայությամբ, որի չլինելու պարագայում սահմանվում է տարեկան 600 լարի: Դա մոտավորապես 70-80 հազար դրամ է տարեկան կտրվածքով այն դեպքում, երբ մեզ մոտ միանվագ տուգանքը սահմանվելու է 300 հազար դրամ»:
Լ. Ամիրխանյանը նշել է, որ կատալիզատորների շուկայական արժեքը բարձր է, և դա ամրագրված է նաև Շրջակա միջավայրի նախարության կողմից շրջանառության մեջ դրած օրենքի նախագծում: Ըստ նրա, դրա բարձր գինն ու ժամանակ առ ժամանակ փոխելու անհրաժեշտությունը ցույց է տալիս, որ մարդիկ այն փոխելու խնդիր ունեն. «Հիմա, երբ գտնվում ենք տարվա կեսին, և երբ օրենքի նախագիծը պարտադիր պահանջը սահմանում է 2021թ.-ի հունվարի մեկից, վարորդներին այն փոխելու կամ գնելու համար տրվում է վեց ամիս ժամանակ: Օրինակ տաքսու վարորդն, ում եկամտի միակ աղբյուրը մեքենան է, կարո՞ղ է իրեն թույլ տալ հիմա ձեռք բերել այդ սարքը: Եվ եթե ինչ-որ մեկը փորձի համոզել, որ 2021թ. հունվարին, որն ինքնին այլ հավասար պայմաններում բավական բարդ շրջան է ֆինանսների առումով, մենք դուրս եկած կլինենք ճգնաժամային իրավիճակից, առնվազն չկա դրա որևէ հեռանկար»:
Ըստ նրա, կրկին նկատվում է արագ փող ներգրավելու խնդիրը՝ պայմանավորված նաև ընթացիկ վիճակագրությամբ.
Հերթական անգամ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ իրականացման ձևի ու մեխանիզմների արդյունքում բարեփոխումը դադարում է այդպիսին լինելուց. «Վարորդները, եթե օրենքը հաստատվի, պիտի փորձեն ինչ-որ կերպ շրջանցել խնդիրը, կամ անորակ կատալիզատորներ ձեռք բերել, ինչի արդյունքում բնապահպանական խնդիր չի լուծվում»: Ըստ նրա, հարց է առաջանում՝ այս փոփոխությունն իրակա՞ն է, թե ունի ձևական բնույթ:
«Վիճակագրական տվյալներ կան, որոնք ևս կապ ունեն գանձարանը համալրող ռեսուրսների հետ: 2020թ. առաջին եռամսյակում նվազել են օտարերկրյա ներդրումների ծավալները Հայաստանում 36,8 տոկոսով: Արդարության համար նշենք, որ կան օբյեկտիվ պատճառներ, այդ թվում՝ աշխարհում տիրող վիճակը, օտարերկրյա ներդրողների դրությունը, Հայաստան եկող ներդրումների դիվերսիֆիկացիան:
Հայաստան օտարերկրյա ներդրումների մեծ մասը գալիս է Ռուսաստանից և 38,6 տոկոսանոց անկման մեջ մոտավորապես 70 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Շատ ավելի երկար ժամանակահատվածի վերլուծություն է անհրաժեշտ հասկանալու՝ Ռուսաստանից ներդրումների կրճատման պատճառները զուտ տնտեսական են, թե ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










