Բրազիլիայի մամուլի ասոցիացիան դատի կտա Բոլսոնարուին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանց կորոնավիրուսով վարակվելու վտանգի տակ դնելու համար

08:37 • 08.07.20

Բրազիլիայի մամուլի ասոցիացիան մտադիր է դատի տալ երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանց կորոնավիրուսով վարակվելու վտանգի տակ դնելու համար, հաղորդվում է Abi կայքում:

Բոլսոնարուն երեքշաբթի հայտնել է, որ նրա կորոնավիրուս ախտորոշող թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Նախագահն անձամբ դուրս է եկել լրագրողների մոտ, որպեսզի նրանց տեղեկացնի իր ինքնազգացողության և COVID-19-ի թեստի արդյունքների մասին: Բոլսոնարուն, ինչպես և իրեն շրջապատած լրագրողները, դիմակ է դրել, սակայն սոցիալական հեռավորություն չի պահպանել։ Շփման վերջում քաղաքական գործիչը լրագրողներից մի քանի մետր հեռացել է և դեմքից հանել դիմակը, որպեսզի ցույց տա, որ իրեն լավ է զգում:

«Չնայած այն փաստին, որ նա գիտեր, որ վարակված է կորոնավիրուսով, նախագահ Ժաիր Բոլսոնարուն շարունակել է ռիսկի ենթարկել այլ մարդկանց կյանքը»,- ասված է ասոցիացիայի ղեկավարի հայտարարության մեջ:

Բոլսոնարուն «խախտել է բժիշկների կողմից սահմանված մեկուսացման ռեժիմը», ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրել է «անձամբ իր վարակվածության մասին նրանց տեղեկացնելու», նշվում է հայտարարության մեջ: Ասոցիացիայում նախագահին մեղադրել են քրեական օրենսգրքի երկու հոդվածները խախտելու համար, ինչը ենթադրում է բանտային կալանք և տուգանք։

Հիշեցնենք, որ երեկ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել էր, որ կորոնավիրուսի հայտնաբերման իր թեստը դրական արդյունք է տվել:

65-ամյա քաղաքական գործիչը բազմիցս ակտիվորեն քննադատել է կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանափակումները, այն ավանելով՝ «թեթև գրիպ»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գաղափարների նմանության պատճառով նրան հաճախ անվանում են «արևադարձային Թրամփ»։