ՀՀ-ում հայրենադարձության հայեցակարգ գոյություն չունի․ մինչ այժմ եղել են լոզունգային, ձևական քայլեր․ ՀՅԴ ԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի համակարգող (տեսանյութ)
Ցավոք, անկախությանից սկսած մինչև այսօր հայրենադարձության հայեցակարգ գոյություն չի ունեցել Հայաստանում և չունի։ Եղել են միայն մանր-մունր ծրագրեր, շատ ավելի լոզունգային, ձևական որոշումներ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «Հայրենադարձների» հանձնախմբի համակարգող Ժիրայր Բյոջեքյանը։
«Նախարարություն էր, հիմա դարձավ հանձնակատարի գրասենյակ։ Այս բոլորը ձևական քայլեր են։ Երբ չկա հստակ հայեցակարգ՝ ինչ է հայրենադարձությունը։ Հայաստանն այնպիսի վիճակում է, որ մենք իսկապես հայրենադարձությունը պետական մակարդակով, հայեցակարգով, հստակ ծրագրով և հասկանալի օրենքներով պատրաստելու խնդիր ունենք, ինչը չի եղել և այսօր էլ չկա»,- նշեց Ժիրայր Բյոջեքյանը։
Նա համեմատականներ անցկացրեց Իսրայելի և Հունաստանի հայրենադարձության հայեցակարգերի հետ։ Օրինակ, Իսրայելը 6 կետով, իսկ Հունաստանը 8 կետով հայրենադարձի սահմանումն են տվել, որոնց բավարարելու դեպքում պետությունը կատարում է հայրենադարձի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները։
«Այս ամբողջը մեզ մոտ պակասում է, մեզ մոտ կա միայն մշուշոտ պատկերացում, որ կան սփյուռքյան համայնքներ, որտեղից որոշ մարդիկ գալիս են Հայաստան ու հանկարծ հայրենադարձ եղան։ Այդպես չէ»,- ասաց նա։
Ժիրայր Բյոջեքյանի խոսքով՝ հայրենադարձների և հայրենադարձվելու մտադրություն ունեցողների համար բարդ է պետական կառույցների հետ հաղորդակցությունը։
«Երբ մարդ դիմում է ՊԵԿ-ին, որպեսզի արտասահմանում իր ունեցած իրերը տեղափոխի Հայաստան, իրեն տալիս ենք 32 էջանոց օրենք, որ ԵԱՏՄ-ի օրենքներն են, հայրենադարձության հետ կապ չունեն։ Բայց այդ ԵԱՏՄ օրենքների այդ կետերի մեջ մի քանի պարբերություն կա, որոնք կհամապատասխանեն, կարելի է ասել, որ այս կետերով հայրենադարձը իր իրերը կարող է բերել Հայաստան։ Այստեղ արդեն խնդիր ունենք»,- նշեց նա։
Ըստ նրա՝ նմանատիպ խնդրի առջև են կանգնում նաև հայրենադարձվելու մտադրություն ունեցողները, քանի որ ՀՀ դեսպանատներում «պատասխան տվող չկա»։
«Հայրենադարձը հիմնականում պետք է իր դեսպանատուն դիմի, իսկ երբ նույն օրենքը, հայեցակարգը, հասկացությունները շատ հստակ չկան դեսպանատներում, մարդը գնաց ու պատասխան չստացավ կամ ստացավ տարբեր պատասխաններ, պետք է սկսի դիմել մեր նման գրասենյակների ու մենք պետք է սկսենք վազվել աջուձախ, փորձենք պատասխան գտնել, երբ այդ ամբողջ աշխատանքը պետության պարտավորությունն է՝ և՛ երկրի զարգացման, և՛ սփյուռքում ապրող հայերի հանդեպ։ Հայրենադարձությունը միայն պետական ծրագիր կարող է լինել, չկա ոչ մի կուսակցություն, կազմակերպություն, որ ի վիճակի է սփյուռքյան բոլոր երկրներից մարդկանց վերադարձնել Հայաստան, դա պետության գործն է»,- ասաց ՀՅԴ ԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի համակարգողը։
Ժիրայր Բյոջեքյանի խոսքով՝ մյուս խնդիրն այն է, որ պետական պաշտոնյան պատասխան տալու պատասխանատվություն չի վերցնում․ «Գնում ես պաշտոնյայի մոտ, հարցնում ես շատ սպեցիֆիկ խնդիր, նա քեզ տալիս է օրենքի փաթեթը, որովհետև խուսափում է պատասխան տալ, որպեսզի հետո պատասխանատվություն չկրի իր տված պատասխանի համար»։










