Տեղեկություններ եմ ստանում, որ առաջարկություններ են լինում, որ հարազատի մահը գրանցվի իբր կորոնավիրուսից մահ. Արմեն Խաչատրյան
Վերջերս տեղեկություններ եմ ստանում, որ քաղաքացիները, ովքեր կորցրել են հարազատներ, զանգեր են ստանում և ինչ-որ առաջարկություններ են լինում, որ հարազատի մահը գրանցվի իբր կորոնավիրուսից մահացած: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նա նշեց, որ մի քանի այդպիսի դեպքով փորձել է ճշտումներ անել, սակայն չի ստացվել: «Ես այստեղ տեսնում եմ հնարավոր միտումներ, սադրանքներ»,-ասաց նա:
Արմեն Խաչատրյանը կոչ արեց ազգաբնակչությանը և խնդրեց, որ եթե կլինեն նման դեպքեր, անմիջապես հայտնեն Ոստիկանությանը՝ թեկուզ 1-02 զանգելով: «Դա հնարավորություն կտա տեղում ստուգելու, և պարզելու նման բան կա թե ոչ և ովքեր են փորձում նման ստահոդ տեղեկություններ հաստատել, կամ ինչ-որ քաղաքական նպատակներ հետապնդել»,-ասաց նա և խնդրեց այդ հարցում Ոստիկանությանը, ԱԱԾ-ին ևս ուշադիր լինել: Նա նշեց, որ որոշ ժամանակ անց հարցում է կատարելու այդ կառույցներ, որպեսզի իմանա, թե ինչ է պարզվել:










