Առաջարկվում է անվճար դարձնել զոհված զինծառայողների ծնողների և ամուսնու կրթությունը
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:
«Առաջարկվում է լրացում կատարել օրենքի 67-րդ հոդվածում, ըստ որի, զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներն ու ամուսինը, կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Ներկայում պետական բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում ուսանում են զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների 12 անդամներ»,- ասաց նա։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հարցրեց, թե ինչու է առաջնահերթությունը տրվում միայն զոհված զինծառայողների ծնողներին, այլ ոչ թե քույրերին ու եղբայրներին։
Սոֆիա Հովսեփյանը պատասխանեց, որ ծնողները, որպես այդպիսին, զավակի մահից հետո պարփակվում են, իսկ սա հաղորդակցման հնարավորություն է, որ քայլ անեն կյանքը վերաարժևորելու առումով: Նա նաև նշեց, որ հետագայում հնարավոր է օրենքում հավելում լինի, որում կներառվի մինչև 27 տարեկան քույրերի և եղբայրների անվճար սովորելու հարցը:










