Արդեն 20 անգամ տարբեր պատրվակներով մեզ վարչական ձերբակալության են ենթարկել, նպատակը՝ ճնշել մեզ ու մեր համակիրներին. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել: Ոստիկանության կենտրոնական բաժանմունքի առջև «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը լրագրողներին ասաց, որ Նարեկ Սամսոնյանը ծխելիս է եղել, մոտեցել է ոստիկանը և ասել, որ դիմակը բարձրացնի: Նա ոստիկանին հավաստիացրել է, որ երբ ծխելը վերջացնի դիմակը կդնի, այդ պահին մի տղամարդ նրան վիրավորել և հայհոյել է, որից հետո ոստիկանները օրինական պահանջը չկատարելու համար բերման են ենթարկել նրան:
«Նարեկ Սամսոնյանը չի տրվել սադրանքի, և մենք գնահատում ենք դա: Տարեց մարդու ի հայտ գալը Նարեկ Սամսոնյանին վիրավորելը, այս իշխանության կողմից կազմակերպված սադրանք էր: Սա մի քանի շաբաթվա մեջ արդեն երրորդ դեպքն է: Զավեշտալին այն է, որ առաջին երկու դրվագում միևնույն տիկինն էր հայտնվում այնտեղ, որտեղ մենք ենք: Առաջին անգամ նրան տեսել եմ, երբ Նարեկ Սամսոնյանին կանչել էին Քննչական կոմիտե, երկրորդ անգամ նույն տիկինը հայտնվեց Արաբկիրի Ոստիկանության բաժնի մոտ՝ թիրախավորելով ինձ»,- ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Նա նաև պատմեց, որ ավելի վաղ մի տարեց տղամարդ թիրախավորել էր ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: «Սա նոր բան չէ, այնքան ապաշնորհ են, որ սադրանքի տեխնոլոգիաներ մշակելուց նոր բան չեն կարողանում մշակել և ասպարեզ են բերել «լևոնական» գումարտակը, հիմնականում միջինից բարձր տղամարդիկ են»,- ավելացրեց նա:
Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով՝ շատ հաճախ ընդդիմադիր գործչին մոտենում են քաղաքացիներ վիրավորում և պիտակավորում են՝ ակնկալելով, որ ընդդիմադիր գործչի կողմից համարժեք պատասխան կտրվի, որպեսզի խուլիգանություն, հասարակական կարգի խախտում լինի, որ հնարավոր լինի մի քանի օր կալանք կիրառել:
«Այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ արդեն քսան անգամ տարբեր պատճառներով ու պատրվակներով մեզ ենթարկել են վարչական ձերբակալությունների և մեկ անգամ էլ ինձ զենք պահելու կասկածանքով «ասֆալտին ծեփել»: Այս երկու տարվա մեջ մենք ոչ մի տուգանք չենք մուծել, մենք միշտ բողոքարկել ենք և դատարան չի հասել: Ոստիկանությունը ի սկզբանե գիտի, որ դա անհիմն ձերբակալություն է և ոչ մի դատարան չի կարող ճիշտ դարձնել: Նրանց նպատակն է ճնշել մեզ և այն մարդկանց, որոնք մեզ համակրում են»,- ընդգծեց նա:










