21-օրյա ժամկետը լրանալուց հետո, եթե ՀՀ նախագահը չստորագրի ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և այն ՍԴ չուղարկի, ես կստորագրեմ. ԱԺ նախագահ

13:26 • 08.07.20

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, մեծ հաճույքով կստորագրեմ, երբ ԱԺ նախագահի համար օրենսդրորեն բացվի ստորագրելու հնարավորությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հարցին՝ կա՞ պայմանավորվածություն, որ նախագահը օրինագիծը ՍԴ չուղարկի, Միրզոյանը պատասխանեց, թե այդ թեմայով նախագահի հետ չի խոսել: ԱԺ նախագահը նշեց, թե 21-օրյա ժամկետում նախագահի կողմից օրինագիծը չստորագրելու և ՍԴ չդիմելու դեպքում ԱԺ նախագահի համար առաջանում է հնարավորություն՝ ստորագրել օրենքի նախագիծը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե երբ իշխանությունները ընդդիմություն էին, Նիկոլ Փաշինյանը գովաբանում էր Դանիայի օրինակը՝ նշելով, թե այնտեղ միայն խորհրդարանի խոսնակն ունի ծառայողական ավտոմեքենա, և հարցին՝ ինչու՞ իշխանություն դառնալով՝ չեն հետևում Դանիայի օրինակին, երբ այնտեղ ընդամնեը 23 ծառայողական ավտոմեքենա կա, Միրզոյանն արձագանքեց.

«Ցավոք սրտի, Դուք ամբողջապես չեք հետևել հեղափոխությունից և ԱԺ ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններին. ԱԺ հանձնաժողովների նախագահների տեղակալները, օրինակ, այլևս չեն օգտվում ծառայողական ավտոմեքենաներից, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները չեն օգտվում ծառայողական մեքենաներից և այլն: Պետք է հարցը դիտարկել նաև իշխանության ճյուղերի՝ հավասար հակակշռի մեխանիզմների համատեքստում: Նախկինում էլ և այժմ էլ պատգամավորների և տարբեր մեկնաբանների շրջանում կա կարծիք, որ նման բաները պետք է համամասնորեն արվեն օրենսդիր, գործադիր, դատական իշխանություններում, որպեսզի իշխանության որևէ ճյուղի հեղինակությունը մյուսի հաշվին չընկնի կամ չգերազանցի»,-ասաց նա:

Անդրադառնալով պարգևավճարներին՝ Միրզոյանն ասաց, թե 580 միլիոն դրամ պարգևավճարի տեսքով տրվել է 132 պատգամավորի՝ 14 ամսվա համար: «Սա կոպիտ մաթեմատիկական հաշվարկով ամսական 240 հազար դրամի կարգի գումար է, ինչը կարծում եմ, արդարացված քայլ է: Ինչու արեցի մաթեմատիկական հաշվարկը, որ ցրենք այն թյուր կարծիքը, թե մեծ միլիոնների մասին է խոսքը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ ինչու այսօր ԱԺ-ում չի քննարկվել դիմակ չկրելու համար տուգանքի չափն ավելացնելու հարցը, ԱԺ նախագահն արձագանքեց, թե շատ հնարավոր է՝ որոշ շտկումներ արվեն, և նախագիծը նորից շրջանառվի. «Սա ոչ թե քմահաճույք է, ոչ թե տուգանելու ցանկությունից դրդված քայլ է, ոչ թե բյուջեի եկամուտներն ավելացնելու մտադրությամբ պայմանավորված քայլ է, այլ զուտ, որ այն քաղաքացիները, որոնք գիտակցության այդ բարձր աստիճանը չունեն՝ հասկանալու, որ դիմակով փրկում են իրենց ու մյուսներին, գոնե պատժամիջոցների մեծությունից դրդված՝ դիմակը կրեն»,-ասաց նա: