«Ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն». The Guardian-ն ուշագրավ հատվածներ է ներկայացրել Թրամփի զարմուհու աղմկահարույց գրքից

15:21 • 08.07.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եղբոր դուստրը՝ Մերի Թրամփը, իր նոր՝ «Չափից շատ և երբեք բավարար չէ. Ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գրքում պնդում է, որ ԱՄՆ նախագահի բնավորությունն ու վրդովեցուցիչ պահվածքը «սպառնալիք են աշխարհի խաղաղությանը, տնտեսական անվտանգությանը և սոցիալական կառուցվածքին», գրում է The Guardian-ը։

Սկանդալային բացահայտումներով լի գիրքը, որը լույս կտեսնի հուլիսի 14-ին, պատմում է, որ Սպիտակ տան ղեկավարի բնավորությունն արտացոլում է վերջինիս «ծայրահեղ սոցիոպատ» հոր՝ Ֆրեդ Թրամփի բնավորությունը։

Մերի Թրամփի պնդմամբ՝ ապագա նախագահի մոր մոտ առողջական խնդիրների առաջցման պատճառով, նա մետ մոկ տարի զուրկ է եղել մայրական ուշադրությունից և հոգատարությունից՝ մնալով լոկ հոր հույսին: Մինչդեռ հայրը ոչ միայն չէր բավարարում Դոնալդ Թրամփի պահանջները, այլև չէր արժանացնում իր սիրուն, ինչն էլ Թրամփի ճակատագրի վրա հետք է թողել։

Մերի Թրամփը Ֆրեդ Թրամփին բնութագրել է որպես «ծայրահեղ սոցիոպատ»՝ վերջինիս մեղադրելով ռասիզմի, սեռական խտրականության և այլատյացության համար։

Մերի Թրամփն իր հեղինակած գրքում նաև գրել է, որ Թրամփի փոխարեն վաղ տարիքում քույրը՝ Մերիեն Թրամփն է կատարել նրա տնային աշխատանքներն, իսկ երբ Թրամփը ցանկացել է Փենսիլվանիայի համալսարան ընդունվել, քույրը դիմել է Ջո Շապիրո անունով մի երիտասարդի օգնությանը. երիտասարդն ունեցել է գերազանց առաջադիմություն և  Թրամփի փոխարեն հանձնել է նրա ընդունելության քննությունները: Դրա դիմաց Թրամփը, ըստ զարմուհու, երիտասարդին լավ վարձատրել է:

«Դոնալդի համար սուտն ամենից առաջ գործիք էր դարձել՝ համոզելու շրջապատի մարդկանց, որ ինքն ավելի լավն է, քան իրականում կա»,- գրել է ԱՄՆ նախագահի եղբոր դուստրը։