Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 12 մլն-ը

19:30 • 08.07.20

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 12 մլն-ի շեմը: Ըստ worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալների՝ հուլիսի 8-ին աշխարահում «Քովիդ-19»-ով վարակվածների թիվը հասել է 12 003 309-ի:

Վարակման դեպքերի թվով առաջատարն աշխարհում Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակվել է ավելի քան 3.1 մլն քաղաքացի: Վերջին մեկ օրում այստեղ արձանագրվել է կորոնվիրուսով վարակման ավելի քան 60 000 դեպք, որն առավելագույն մեկօրյա ցուցանիշն է համաճարակի ողջ ընթացքում:

ԱՄՆ-ն առաջատարն է նաև կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշով. ավելի քան 134 հազար մարդ է մահացել մինչ օրս:

Վարակման և մահվան ցուցանիշով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ վարակվել է ավելի քան 1.6 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 66 հազարը:

Վարակման ցուցանիշով առաջատար երկրներից են նաև Հնդկաստանը (754 152), Ռուսաստանը (700 792), Պերուն (309 278), Չիլին (301 019): Մեծ թվով վարակման դեպքեր են հայտնաբերվել նաև Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Մեքսիկայում, Իրանում, Իտալիայում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Հարավային Աֆրիկայում, Թուրքիայում:

Մահացության ցուցանիշը ողջ աշխարհում հասել է 547 859-ի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ էր հայտարարել մարտի 11-ին: