Թուրքիայի պետական խորհուրդը թույլատրել է փոխել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը և այն մզկիթի վերափոխել

18:42 • 10.07.20

Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը:

«Թուրքիայի Պետխորհուրդը չեղյալ է հայտարարել Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը»,-հաղորդում է հեռուստաալիքը՝  նշելով, որ այժմ Սուրբ Սոֆիայի տաճարը կարող է մզկիթի վերափոխվել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ սպասում է Պետխորհրդի որոշմանը, որպեսզի հնարավոր լինի փոխել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը՝ այն թանգարանից վերածելով մզկիթի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ներկայացուցիչները  Reuters գործակալության հետ զրույցում հայտնել էին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է տեղյակ լինի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի ցանկացած փոփոխությունից, որը հնարավոր է անհրաժեշտ ուսումնասիրության կարիք ունենա Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի կողմից:

Կազմակերպությունից նշել են, որ տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես թանգարան, և որպես այդպիսին այն որոշակի իրավաբանական պարտավորություններ ունի:

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537 թվականներին ՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:

1453թ-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: