Ադրբեջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի և նրա կողմից հրահրված սահմանային պրովոկացիաների միջև կապն ակնհայտ է. փորձագետ (տեսանյութ)

16:42 • 15.07.20

Ադրբեջանում ստեղծված սոցիալ-տնտեսական վատ դրությունը նորություն չէ: Սկսած 2008-2009թթ.-ից ադրբեջանական տնտեսության վատ վիճակը պարբերաբար սրվում և թուլանում է, հիմա հերթական սրումն է նկատվել: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. տնտեսություն» հատվածում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ խոսելով ադրբեջանական տնտեսության անկման մասին՝ որպես սահմանին լարվածություն սադրելու գործոն:

«Մի կողմից նավթի համաշխարհային գների անկումն է, մյուս կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքները: Սոցիալական լարվածության ակնհայտ տարրեր արդեն նկատել ենք այդ երկրում: Ադրբեջանի իշխանությունն ուներ անհրաժեշտություն սեփական հանրության ուշադրությունը շեղելու»,-նշեց Լիլիա Ամիրխանյանը:

Նա նշեց՝ սահմանային լարվածությունները մշտապես ուղեկցվել են այդ երկրում սոցիալ-տնտեսական անկումով: «Ադրբեջանը բավական բարձր տնտեսական անկում գրանցեց նաև 2015թ.-ին, երբ նավթի համաշխարհային գներն ընկան: Սա պայմանավորված է տնտեսության կառուցվածքով. Ադրբեջանի բյուջետային եկամուտների 53 տոկոսը կազմում են նավթային եկամուտները: Ուզում եմ շեշտել, որ հենց նավթային շուկայի կտրուկ տատանումներն են ավելի խորքային հարված հասցնում այդ երկրին»:

«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2015թ.-ի վեջում, երբ այդ երկրի համախառն ներքին արդյունքն արդեն իսկ կրճատվել էր մոտ 35 տոկոսով, ի հայտ եկան «օֆշորային» լուրեր այն մասին, որ Ալիևը ձեռք է բերել մեծ արժեքով անշարժ գույք, որի համար վճարել է օֆշորային կազմակերպություն և հեչ պատահական չէր, որ Պանամայի հայտնի փաստաթղթերը հրապարակվեցին հենց Ապրիլյան քառօրյայի օրերին:

Բնականաբար Ադրբեջանի իշխանությունները գիտեին, որ իրենց հանրության մոտ դա առաջացնելու է բավական մեծ դժգոհություն և չի բացառվում, որ նույն ապրիլյան սադրանքը նաև ուղղորդված էր սոցիալ-տնտեսական գործոնով»:

Լիլիա Ամիրխանյանը նշեց, որ սահմանային սադրանքները պետք չէ պայմանավորել բացառապես սոցիալ-տնտեսական գործոնով, բայց, ըստ նրա, սահմանային լարվածությունների ու Ադրբեջանի տնտեսական անկումների ժամանակագրական շարքերի ուսումնասիրությունն առաջացնում է նաև այդ գործոնին ուշադիր լինելու անհրաժեշտություն:

Ըստ նրա, Ադրբեջանը մի երկիր է, որը տիրապետում է ռեսուրսների, որի իշխանությունները պաբերաբար հայտարարում են, որ իրենք հարուստ երկիր են, ունեն աշխարհի առաջատար տնտեսությունների շարքում հայտնվելու հավակնություններ և հետևաբար այդ երկրի քաղաքացիների մոտ տրամաբանական հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ իրենք ավելի լավ չեն ապրում. «Մի պարզ համեմատություն անենք. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի Ադրբեջանի ցուցանիշը Հայաստանի և Վրաստանի ցուցանիշների հետ համեմատած փոքր տարբերությամբ է, մինչդեռ Ադրբեջանի տնտեսական կարողություններն ավելի շատ են. Ադրբեջանն ավելի շատ ռեսուրսներ ունի: Բնականաբար սա չի կարող իր ազդեցությունը չունենալ բնակչության վարքագծի վրա և սոցիալական լարվածության խնդրին»:

Փորձագետը պնդում է, որ այս խնդիրն Ալիևը տարիներ ի վեր լուծել է այսպես կոչված հայերի գործոնով՝ «մենք ունենք հարուստ տնտեսություն, բայց ունենք թշնամու կերպար, որի ուղղությամբ կատարում ենք մեր ծախսերի մեծ մասը». «Այս թեզը ադրբեջանական իշխանությունների համար մշտապես եղել է այն հիմնականը, որով սնել է սեփական հանրությանը: Օֆշորային սկանդալի բացահայտումից ադրբեջանցիների մոտ առաջացավ հարց, արդյոք միայն քաղաքացի՞ն չի կարողանում օգտվել սեփական երկրի հարստությունից: Սա առաջացնում է ռազմատենչ հռետորաբանության կապիտալիզացիայի խնդիր»:

Մանրամասները՝ տեսանյութում: