Հակառակորդի հրետանու կառավարման կետի խոցումը, գեներալի ու գնդապետի ոչնչացումը կարող է իրականացված լինել հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ով. Հրաչյա Պետրոսյանց (տեսանյութ)

16:06 • 15.07.20

Հայկական կողմը մշտապես աշխատում է առաջնագծի դիրքերի բարելավման ուղղությամբ, և քանի դեռ պատերազմը շարունակվում է, ԶՈՒ առջև դրված մարտական խնդիրը հստակ է՝ գրավել ավելի բարենպաստ դիրքեր. ռազմարվեստի տեսությունն ասում է, որ պետք է որքան հնարավոր է անվտանգ տարածք ապահովել սեփական բնակավայրերի համար, և բնագծի բարելավումն ուղղված է դրան, նաև նպատակ ունի ավելի լայն դիտարկման դաշտ ունենալու: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

«Անհրաժեշտության դեպքում կարող ենք ավելի ճշգրիտ, կետային խոցում իրականացնել արդեն նոր դիրքերից: Էական բարելավումներ ենք իրականացրել չեզոք գոտում, որը պետականորեն ՀՀ տարածքն է, մենք որևէ ոտնձգություն ուրիշի հանդեպ չենք արել: Միջազգային կոնվենցիաներն արգելում են կրակել քաղաքացիական բնակչության ուղղությամբ, բայց հակառակորդը հրետանային մարտկոցները տեղակայում է բնակավայրերում, որ հետո միջազգային հանրությանը ներկայացնի, թե իբր հայերը կրակում են խաղաղ բնակիչների վրա: Փաստորեն՝ Ադրբեջանը սեփական բնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան, ինչը ռազմական հանցագործություն է»,- ասել է ռազմական փորձագետը:

Ըստ Պետրոսյանցի՝ Ադրբեջանի համար մարդկային կորուստները որևէ նշանակություն չունեն, ավելին՝ հակառակորդն արգելում է խաղաղ բնակչությանը հեռանալ մարտական գործողությունների վայրից, երբ անգամ հայկական կողմը միջանցք է թողնում. «Ադրբեջանական հանրությունը հասկանում է, որ իրենց մատուցվող պաշտոնական տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությունը, և փորձում է ապահովել սեփական անվտանգությունը: Մենք որևէ նորմ չենք խախտում, գործում ենք բոլոր կոնվենցիաների սահմաններում, քանի որ կրակակետերը ռազմական թիրախ են, որոնք պետք է լռեցնել»:

Ռազմական փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ է մշակել բոլոր հավանական սցենարները, քանի որ սա կարող է ուշադրություն շեղող գործողություն լինել այլ ուղղությամբ հիմնական հարվածից. «Երբ հակառակորդը բացահայտել է, որ հայկական կողմը բարելավել է իր դիրքերը, ենթադրաբար՝ համապատասխան կորպուսի հրամանատարությունը, վախենալով վերադասներին այդ մասին զեկուցելուց, փորձել է դիրքերը սեփական ուժերով հետ բերել:

Ադրբեջանցի գեներալը, գնդապետն ու մայորները ոչնչացվել են հրետանու կառավարման կետին հասցված ճշգրիտ հարվածով: Ենթադրում եմ՝ դա իրականացրել ենք մեր արտադրած հարվածային ԱԹՍ-ով: Սա փայլուն մշակված և իրականացված գործողություն է»:

Հրաչյա Պետրոսյանցի պնդմամբ՝ Ալիևին ձեռնտու չէ իրադրության էսկալացումը, և եթե նա համոզված լիներ իր գերակայության մեջ, վաղուց պատերազմ սկսած կլիներ. «Ադրբեջանցիները գիտեն, որ տասն օր տևած գործողությունների արդյունքում կարող են պետություն կորցնել, և առաջին հերթին՝ բարոյահոգեբանական պատճառներով: Երբ Ապրիլյան պատերազմում էլ հասկացան, որ հայկական կողմը պիտի առաջ գնա, անմիջապես հրադադար խնդրեցին: Տավուշյան դեպքերը ևս շարունակություն չեն ունենա: Ցավալի է, որ ՀԱՊԿ անդամ երկրի հանդեպ տեղի է ունեցել ոտնձգություն, բայց նրանք անում են լղոզված կոչ՝ ուղղված երկու կողմերին, սա անընդունելի է»:



Դավիթ Սարգսյան