ԿԳՄՍՆ-ն ձեռքերը լվացել է․իշխանությունները մի քիչ էլ պետք է մտածեն մշակույթի ոլորտի մասին․ պրոդյուսեր Վ․ Մելոյանը՝ արտակարգ դրության պայմաններում մշակույթի ոլորտի աշխատանքի մասին (տեսանյութ)
Հայաստանում արտակարգ դրության պատճառով տասնյակ համերգներ են չեղյալ համարվել, իսկ արտիստներն ու միջոցառումների կազմակերպիչները կանգնած են սնանկության եզրին: Այս խնդիրը պետական գործիչներից որևէ մեկին չի հետաքրքրում: Իրավիճակն այնքան շիկացած է, որ կորոնավիրուսից հետո շատ քչերը շուկայում կմնան: Մշակութային գործունեությամբ զբաղվող տնտեսվարողները կանգած են միայնակ խնդրի առաջ: Այս մտահոգությունը հայտնել են «Արմնյուզ» ՀԸ «Դռնից ներս» հաղորդման մասնակիցները:
Պրոդյուսեր Վիկտորյա Մելոյանը տեղեկացրել է, որ միայն 8 համերգ իր կազմակերպությունն է տեղափոխել անհայտ ամսաթվի: Դրանց համար տրված են կանխավճարներ, վաճառված են տոմսեր, գովազդ է պատրաստվել: Ջուրն է ընկել ոչ միայն իրականացված աշխատանքն, այլև գումարներ կորցնելու և մեծ վնաս կրելու վտանգի մեջ է հայտնվել իր ընկերությունը:
«Ձեռքերը լվացել են թե՛ ԿԳՄՍ նախարարությունը, թե՛ Կառավարությունը: Իրենց համար այս ոլորտը գոյություն չունի, իրենք փառակալած աչքերով սպասում են, թե ինչ կլինի՝ կլինի: Երբ իշխանությունները պարգևավճար են տալիս պետական աշխատողներին, մի քիչ էլ պետք է մտածեն մշակույթի ոլորտի մասին, որը վերջին 2 տարում ապրում է դեգրադացիա»,- վրդովված ասել է պրոդյուսերը: Նա առաջարկել է հեռուստամարաթոն կազմակերպել, գումար հավաքել և աջակցել երգիչներին:
«Ժողովրդին մեղադրելը հեշտ է: Ես վստահ եմ, որ այս վիճակին հասել ենք սխալ կառավարման արդյունքում»:
Կորոնավիրուսի համաճարակի օրերին բացօթյա ռեստորանները հաճախորդ հյուրընկալում են, բայց կենդանի երաժշտությունն արգելված է, իսկ ակումբներն ընդհանրապես չեն գործում: Պարետի որոշումն անգործ է թողել արտիստներին: Օրավարձով աշխատող երաժիշտները 4 ամիս է՝ կարիքի մեջ են: Երգիչները տրամաբանություն չեն գտնում, եթե սրճարաններում մարդիկ 1,5 մ հեռավորության վրա են նստում, ապա ո՞ւմ է խանգարում, որ մի հոգի էլ երգի: Ռուսաստանի և բազմաթիվ այլ երկրների օրինակն են բերում, որոնք լուծումներ են գտել ոլորտը վերակենդանացնելու համար, մանավանդ, որ սթրեսային իրավիճակներում երաժշտությունը բուժիչ հատկություն ունի և դրական է անդրադառնում մարդու հոգեվիճակի վրա: Համոզված են՝ ելք կա, եթե իրավիճակ փոխելու ցանկություն կա: Համոզված են՝ վիրավոր ոտքի բուժման միջոցն այն կտրելը չէ:
«Նոր ալիք» և միազգային այլ մրցույթներում Հայաստանի անունը բարձր նշաձողի վրա պահած Սյուզաննա Մելքոնյանն ասել է, որ աղոթում է՝ այս իրավիճակը երկար չտևի, հակառակ դեպքում ստիպված է լինելու լքել բեմն ու այլ գործով զբաղվել:
«Նամակներ եմ ստանում երկրպագուներից, որոնք զարմանք են հայտնում ու ասում, թե դուք՝ երգիչներդ, դիզած փողեր չունե՞ք, դուք է՞լ պիտի լացեք: Ես խոսում եմ հատկապես ինձ պես երիտասարդ երգիչների անունից՝ որտեղի՞ց դիզած փող պիտի ունենանք, եթե ունենք, ապա ո՞րն է խնդիրը, որ պիտի լաց լինեմ»: Սյուզաննան տեղեկացրել է, որ մայրը մետրոպելիտենում է աշխատում, իսկ եղբայրը առևտրի կենտրոններից մեկում, որոնք վերաբացվել են մայիսից: Ասել է՝ չի պատկերացնում՝ ինչպես էր ապրելու, եթե միայնակ լիներ:
Երգչուհին 4 ամսվա ընթացքում 68.000 դրամ միանվագ աջակցություն է ստացել: Շնորհակալ է դրա համար, բայց ըստ նրա՝ այդ գումարով 4 ամիս և ավելի մարդ չի կարող ապրել: Կարծում է՝ ավելի խորքային և պրոֆեսիոնալ լուծում է պետք տալ խնդրին:
Հաղորդումը առանց տեսախցիկի զրուցել է մի քանի տասնյակ երաժիշտների հետ, որոնք նույն մտահոգություններն են ունեցել, բայց խուսափել են իրենց տեսակետը բարձրաձայն հայտնել, քանի որ համոզված են՝ համացանցում հատկապես անանուն ֆեյքերը իրենց հասցեին ատելության խոսք կհնչեցնեն և հետագայում բազմաթիվ դռներ իրենց առջև փակ կլինեն:










