«Թուրքիան թույլ չի տա երկրում նոր հեղաշրջումների փորձեր կատարել». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի 4-րդ տարին լրանալու կապակցությամբ հայտարարել է, որ Թուրքիան այլևս նոր հեղաշրջումների փորձեր կատարելու հնարավորություն չի տա: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Դա սովորական հեղաշրջման փորձ չէր: Դրա ետևում մեծ հաշվարկներ կային: Եվ այն, որ FETO-ի ապստամբները թիրախավորել էին մեր խորհրդարանը, պատահական չէր: Մեր ժողովուրդը ուս ուսի տված կանգնեց դավաճանների դիմաց: Դա կենաց-մահու պայքար էր: Եթե նրանք հաղթեին, ապա չէին ընկրկի սպանել նախագահին ու կառավարության անդամներին: Բայց մենք հաղթեցինք, և այլևս ոչ մի ուժի թույլ չենք տա հարվածել մեր ժողովրդավարությանը»,-ասել է Էրդողանը խորհրդարանում տեղի ունեցած ելույթի ժամանակ:
Նրա խոսքով` այն մարդիկ, որոնք 2016 թվականի հեղաշրջման փորձը լուրջ չեն ընդունում, «նպատակ ունեն սևացնելու Թուրքիայի պատմության փառավոր էջերը»:
2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («FETO»`«Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:










