«Պետք էր վերջապես հասկանալ, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել երբեք չի ստացվի»․ Թինա Կանդելակի

20:45 • 17.07.20

Վրացական և հայկական ծագում ունեցող ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը։

«Իմ երակներում, ինչպես հայտնի է, հայի արյուն է հոսում, ուստի մտահոգված եմ Հայաստանի և նրա ժողովրդի ճակատագրով, ժողովրդի, որին բաժին է ընկել բազմաթիվ փորձություններ, այդ թվում՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանությունը»,- գրել է հեռուստահաղորդավորուհին։

Կանդելակին ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ներկայիս բախումների ժամանակ մարդիկ են զոհվում, ռմբակոծություններ, դիվերսիաներ, խոշոր տրամաչափի զենքերից գնդակոծություններ են իրականացվում։

«Բաքվում պատերազմ սկսելու կոչերով ցույցեր են ընթանում։ Պատերազմի կոչերով»,- գրել է Կանդելակին՝ ընդգծելով, որ «պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել անգամ այն պահին, երբ նրա գոյությունը վտանգված է եղել»։

«Այժմ նույնպես չի կոտրվի։ Իսկ սպանությունները պետք է անհապաղ դադարեցնել։ Երկար դարերի ընթացքում պետք էր վերջապես հասկանալ, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել երբեք չի ստացվի։ Յուրաքայնչյուր ոք, ում երակներով գոնե մի քիչ հայի արյուն է հոսում, սատար կկանգնի այդ ժողովրդին՝ իր մեծ ու բարդ պատմությամբ, քանի որ ճշմարտությունը հայ ժողովրդի կողմն է»,-նշել է նա։