«Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածվում ուղղափառ աշխարհի պառակտման հետևանքով». Ռուս ուղղափառ եկեղեցի
Ռուս ուղղափառ եկեղեցին հերթական անգամ ափսոսանք է հայտնել Թուրքիայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման կապակցությամբ, գրում է eadaily.com-ը։
Ռուս ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայությունն այսօր հայտարարել է, որ այդ ցավալի որոշումը ուղղափառ աշխարհի պառակտման ուղղակի հետևանքն է։
«Ռուս ուղղափառ եկեղեցու սրբազան սինոդը խորը ափսոսանք է հայտնում Թուրքիայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակից զրկելու և այն մուսուլմանական համայնքի պաշտամունքային վայր դարձնելու որոշման կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընդ որում, ռուս ուղղափառ եկեղեցին կոչ է արել Թուրքիայի իշխանություններին պահպանել քրիստոնեական տաճարի խճանկարները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու և այն մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ է հայտարարել տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը:
Հիշեցնենք, որ 1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:










