Թուրքիան վարձկաններ ուղարկելուց հետո բեռնատար ինքնաթիռ է ուղարկել Լիբիա, որը վայրէջք է կատարել «Ալ-Վաթիյա» ռազմավարական ավիաբազայում. «Ալ-Արաբիա»

17:34 • 17.07.20

Թուրքական բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից հարավ գտնվող «Ալ-Վաթիյա» ռազմավարական ավիաբազայում: Այս մասին հուլիսի 17-ին տեղեկացրել է Al-Arabiya հեռուստաալիքի կայքը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հեռուստաալիքի անանուն աղբյուրները տեղեկացնում են, որ Թուրքիան նաև վարձկաններ է ուղարկել Լիբիա` երկրի Ազգային համաձայնության կառավարության շարքերում ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի դեմ կռվելու համար:

Համաձայն աղբյուրների` այս շաբաթ լիբիական Միսրաթա քաղաք է ժամանել նաև թուրքական ինքնաթիռ` Սիրիայից, Թունիսից, Եգիպտոսից և Սուդանից 356 վարձկաններով: Դրան հետևել է ևս մեկ ինքնաթիռ` 126 զինյալներով:

Հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով` Թուրքիան վերջին մի քանի օրերի ընթացքում սիրիական Հալեպից և Իդլիբից Լիբիա է տեղափոխել շուրջ 1400 թունիսցի զինյալի, որոնք կապված են ծայրահեղական խմբավորումների հետ: Հունիսի կեսերի դրությամբ Թուրքիայի կողմից Լիբիա է տեղափոխվել շուրջ 13 000 սիրիացի վարձկան:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկիշխանություն է: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Հաֆթարի բանակի հետ: