Միակ դատական ակտը, որ պետք է կայացվի, Հայկ Սարգսյանի արդարացումն է. փաստաբան

19:10 • 17.07.20

Ավարտվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Հայկ Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նախ նշեց, որ առնվազն ենթադրվում է, որ նման երկարատև ժամկետով՝ յոթ տարով, ազատազրկում միջնորդելուց առաջ մեղադրողը գոնե պետք է համոզվեր, որ պահպանվել է քննության ընթացում օրինակության սկզբունքը, արդար դատաքննության իրավունքը:

Փաստաբանը ներկայացրեց նախաքննության ընթացքում իրականացված կոպիտ խախտումները, որոնք իրենց բնույթով այնպիսինն են, որոնք չեն կարող թույլ տալ դատարանին, որպեսզի այլ դատական ակտ կայացվի, քան արդարացումն է, որովհետև ցանկացած դատական ակտ լինելու է անօրինական, քանի որ այդպիսինն է քննությունը: Ըստ նրա՝ խախտումները ազդել են բազմակողմանի քննության վրա և չեն վերացել ու անհնար է վերացնել դատարանում:

«Այնպիսի տպավորություն է, որ քրեական հետապնդման մարմինները ոչ թե ղեկավարվում են օրենքով, այլ իրենց գուշակություններով»,-ասաց նա և նշեց, որ եթե անգամ նայում են բոլոր վկաների ցուցմունքները, ապա բոլորը ասում են, որ կրակոցը պատահական է եղել:

Նա կրկնեց, որ միակ դատական ակտը, որ պետք է կայացվի, դա արդարացումն է:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի՝ Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER»տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով : Հայկ Սարգսյանը կալանվորվել էր 2018 թ-ի հուլիսի 11-ին, սեպտեմբերի 10-ին դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էրարձակել նրան: