Իշխանության կեղծ խաղաղասիրական քարոզն անտեղի է, երբ մեր տղաները զոհվում են առաջնագծում. Գագիկ Սարուխանյան (տեսանյութ)
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ձևակերպել է մեր ռազմավարությունը և խոսում է նոր դիրքեր գրավելու անհրաժեշտության, թշնամու հնարավոր նոր կորուստների մասին՝ ի հեճուկս վարչապետի «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզի. Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովն այս մասին որևէ բան չեն ասում, և կարող ենք ենթադրել, որ նախարար Տոնոյանն արտացոլում է մեր ռազմաքաղաքական դիրքորոշումը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:
«Զինվորականներին ցուցաբերվող պետական վերաբերմունքը պատշաճ մակարդակի վրա չէ. պետք է մեծարել նրանց և արժանապատիվ կյանք ապահովել: Բանակի և ազատամարտիկների սոցիալական կարգավիճակը շարունակում է խոցելի մնալ: ՔՊ-ականների մեծ մասը բանակում չի ծառայել, չեն էլ հասկանում Զինված ուժերի խնդիրները»,- ասել է ազատամարտիկը:
Ըստ Սարուխանյանի՝ թեև մեր բանակը գերազանց կատարում է մարտական խնդիրը, ամեն պահի ազգովի պետք է պատրաստ լինենք կամավորագրվելու. «Կամավորականների ինստիտուտը չի կարելի նետել պատմության գիրկը, նրանք ոգի տվողն են, մինչև զորահավաք կազմակերպելը առաջինը հենց նրանք են գնում սահման: Իսրայելում, օրինակ, պահեստազորը բաժանված է չորս խմբի և ռադիոյի մեկ կոդավորված կոչով տեղակայվում է անհրաժեշտ վայրում, որն իրենց նախապես հայտնի է: Մեր պահեստազորայինների մոբիլիզացման սցենարները պետք է մշակվեին Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո: Այսօր պահեստազորի գեներալներ, գնդապետներ, ազատամարտիկներ մատնված են անգործության, մինչդեռ պետք է նրանց ներգրավել զորահավաքի կազմակերպման հարցերում և օգտվել այդ մարդկանց խորհուրդներից»:
Ազատամարտիկի կարծիքով՝ կեղծ խաղաղասիրական քարոզն անտեղի է, երբ մեր տղաները զոհվում են առաջնագծում, և երբ թշնամին տրամադրված չէ խաղաղության. «Մարտի գնացող զինվորը ռադիոյով լսում է խաղաղության կոչեր հայկական կողմից, դա ի՞նչ է նշանակում: Մեր իշխանությունը պետք է նոտա հղի ՀԱՊԿ-ին՝ հասկացնելով՝ կամ զսպեք Ադրբեջանին, կամ սանձազերծված պատերազմը կավարտվի Ադրբեջանի ոչնչացմամբ, և մենք սկսում ենք լայնամասշտաբ գործողություններ»:
Գագիկ Սարուխանյանի պնդմամբ՝ այսօր թշնամու ատամները փշրված են, և պահը չի կարելի բաց թողնել՝ պետք է Արցախը հրատապ վերամիավորել Հայաստանին. «Մենք կարող ենք դուրս գալ բանակցային գործընթացից: Եթե թշնամին հաջողություն ունենար ռազմի դաշտում, առաջ էր գնալու, բայց պարտված է: Արցախի վերամիավորումը պատմական քայլ կլինի»:
«Վարչապետը խուսափում է «Արցախ» բառից, ասում է «Ղարաբաղ». պետք է կյանքի կոչել «Արցախը Հայաստան է և վերջ» բանաձևը: Հայաստանը պետք է ունենա մեկ միլիոնանոց պահեստազորային բանակ, որին չեն կարողանա հաղթել ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան: Մեր պատերազմը չի ավարտվելու, այն կավարտվի միայն, երբ մեր վերջին շունչը տանք: Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի խոսքը հիշենք՝ «սուգը հավերժ է, եթե չկա պայքար»: Անկախությունը միանվագ երևույթ չէ, այն զարգացնելու համար պետք է հավերժ պայքարել»,- ամփոփել է ազատամարտիկը:
Դավիթ Սարգսյան










