Ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի գնման համար ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծ է ներկայացվել
ԱՄՆ-ում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար, գրում է ria.ru-ն։
Համապատասխան օրինագիծը ներկայացրել են կոնգրեսականներ Ադամ Քինզինգերը, Աբիգեյլ Սփանբերգերը և Մայքլ Մաքքոլը: Փաստաթուղթը ստացել է «ռուսական սպառազինությունների արտահանմանը հակազդելու մասին օրենք» անվանումը, որում առաջարկվում է С-400-ի մատակարարումները «էական գործարք» ճանաչել, ինչը գործող ամերիկյան օրենսդրության համաձայն պահանջում է պատժամիջոցներ սահմանել:
Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել են 2019թ-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնը Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգերը՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չպահեց և վերջինս շարունակեց բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-երի լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:
Միացյալ Նահանգներն էլ թեև իրագործեց հնչեցրած սպառնալիքների մի մասը՝ F-35 կործանիչներ չվաճառելու հարցում, սակայն ավելի խիստ պատժամիջոցների չգնաց:










