Սահմանամերձ համայնքների հրետակոծված տների վերականգման աշխատանքներն արդեն սկսվել են․ Տավուշի մարզպետ

22:10 • 17.07.20

Սահմանամերձ համայնքների հրետակոծված տների վերականգման աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին այսօր Իջևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Շինանյութերի մատակարարում է կատարվել։ Այսօր աշխատանքներն իրականացվել են Այգեպար գյուղում, շատ ակտիվ, վաղը կսկսվեն աշխատանքները նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։ Այսօր մենք ունեցել ենք շատ խաղաղ օր և բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին՝ որքանով դա հնարավոր է»,- նշեց մարզպետը։

Հայկ Չոբանյանի տեղեկացմամբ՝ սահմանին լարվածության աճին, բախումներին զուգահեռ շարունակվում են նաև ճանապարհաշինական և ջրամատակարարման մեծ ծավալի աշխատանքները։ Նրա խոսքով՝ միայն նախօրեին են որոշ չափով սահմանափակվել աշխատանքները՝ թշնամու կողմից հարվածային ԱԹՍ-ներ կիրառելու պատճառով։

«Բնակիչներն ասում էին՝ արդյոք չե՞նք շտապում, բա որ նորից հրետակոծություններ լինեն, իմ պատասխանը հետևյալն է եղել՝ ոչ, մենք պետք է անմիջապես անցնենք նմանատիպ վերականգնողական աշխատանքների»,- ասաց նա: