Տեսնում ենք հակառակորդի բոլոր շարժերը, եթե կատարվի որևէ սադրանք, կստանան արժանի հակահարված․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Ամբողջ օրը օպերատիվ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է եղել, կրակոցները եղել են քիչ և միայն հրաձգային զենքերից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Իջևանում լրագրողների հետ զրույցում ասաց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։
«Ես այսօր այցելել եմ զորամասերից մեկը, զորքերի և հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին։ Տեսնում ենք հակառակորդի բոլոր շարժերը, և եթե կատարվի որևէ սադրանք, ապա կստանան արժանի հակահարված»,- նշեց նա։
Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ սահմանին տիրող իրադրությունների ֆոնին զինծառայողի զորացրումը չի հետաձգվի․ «ՀՀ զինված ուժերը զորակոչը և զորացրումն իրականացնում են բնականոն ընթացքով, պլանային միջոցառումներ են կատարվում, որևէ հետաձգում՝ ոչ զորակոչի, ոչ զորացրման չի իրականացվել և չի իրականացվելու»։
Նա նաև մեկնաբանեց Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի այցը Թուրքիա, այնտեղ անցկացրած հանդիպումները, ինչպես նաև թուրքական կողմի՝ Ադրբեջանին աջակցելու հայտարարությունները․
«Ինձ այսօր նաև մի հարց էին տալիս՝ կապված թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռի՝ Բաքու ժամանելու հետ։ Նորություն չեն Թուրքիայի հայտարարությունները՝ Ադրբեջանին աջակցելու մասով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական իմաստով։ Երևի թե ռազմատրանսպորտային ինքնաթիռը նաև դրա համար է ժամանել Բաքու։ Մյուս կողմից մի քիչ զավեշտալի է ստացվում, Ադրբեջանը կարծես թե լիովին ինքնաբավ պետություն էր ռազմական առումով՝ մեծ-մեծ հոխորտացող հռետորաբանությամբ, և եթե այս ընթացքում այսքան մարտերից հետո հրատապ կարիք կա տրանսպորտով ինչ-որ բան փոխադրելու, դա մի քիչ հարցեր է առաջացնում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։










