«Կարգավիճակի փոփոխությունից հետո մուտքը Սուրբ Սոֆիա անվճար կլինի, դրանից մեր զբոսաշրջիկները կշահեն». Կրեմլի խոսնակը մեկնաբանել է տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումը
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված` մուտքը Սուրբ Սոֆիա անվճար կլինի, և այդ տեսանկյունից ռուս զբոսաշրջիկները կշահեն: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ի՞նչ է նշանակում հաշվի առնել, որ այն սուրբ իմաստ ունի: Սա նաև նրա համար է, որ քրիստոնյաները, մեր զբոսաշրջիկները, որոնք ժամանում են, կարողանան այնտեղ մուտք գործել, այսպես առօրյա կերպով ասեմ: Մենք բացատրություններ ենք ստացել, թուրք գործընկերները բացատրել են, որ ամեն ինչ ամենալավ կերպով կպահպանվի, և բոլոր ցանկացողները կարող են այցելել Սուրբ Սոֆիա: Ես ավելին ասեմ, Սուրբ Սոֆիայի տոմսերը բավականին թանկ էին: Իսկ հիմա տոմսեր չեն լինի, մուտքն անվճար կլինի: Այդ տեսանկյունից մեր զբոսաշրջիկները շահում են»,-ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու և այն մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ է հայտարարել տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը:
Հիշեցնենք, որ 1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:










