Թրամփի եղբոր դուստրը հայտարարել է, որ հարազատները Թրամփին չեն համարել խելացի ու արագ կողմնորոշվող անձնավորություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եղբոր դուստրը՝ Մերի Թրամփը, որը երկրի ղեկավարի վերաբերյալ բավականին տհաճ բացահայտումներով ու պնդումներով աղմկահարույց գիրք է հրատարակել, հայտարարել է, որ հարազատները չեն համարել Թրամփին խելացի ու արագ կողմնորոշվող անձնավորություն: Այդ մասին նա պատմել է CNN հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ նախկինում Թրամփն ուսման նկատմամբ հետաքրքրություն չի դրսևորել և աչքի չի ընկել հետաքրքրասիրությամբ: Միևնույն ժամանակ, նա չափազանց ինքնավստահ էր և արհամարհանքով է վերաբերվել մարդկանց:
Մերի Թրամփը ենթադրել է, որ իր հորեղբայրն այդ ժամանակվանից ի վեր շատ չի փոխվել:
Մերի Թրամփի «Չափից շատ և երբեք բավարար չէ. Ինչպես ընտանիքս ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» վերնագրով գիրքը նվիրված է Սպիտակ տան ղեկավարին և Թրամփ ընտանիքի «մութ պատմություններին»: Հայտնի է, որ վաճառքի հանվելու առաջին օրը սպառվել է 950 000 օրինակ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Simon & Schuster հրատարակչության համար:
Հրատարակչությունը գիրքը նկարագրել է որպես «Դոնալդ Թրամփի անկեղծ, ազդեցիկ դիմանկար»՝ ընդգծելով, որ Մերի Թրամփը «լույս է սփռում իրենց ընտանիքի մութ պատմությունների վրա, բացատրում է, թե ինչպես է իր հորեղբայրը դարձել այն մարդը, որն այժմ սպառնում է աշխարհի առողջապահությանը, տնտեսական անվտանգությանն ու սոցիալական կառուցվածքին»։
Հեղինակի խոսքով՝ նա իր մանկության մեծ մասն անցկացրել է Թրամփի շրջապատում՝ այդ տարիներն անվանելով «մղձավանջային, կործանարար և չարաշահման և անտարբերության ողբերգական համադրություն»։
ԱՄՆ նախագահն իր եղբոր դստերը քայլող աղետ էր անվանել և հայտարարել, որ նա իր մասին քիչ բան գիտի: «Մերի Թրամփը սուտ է խոսում իմ և իմ հրաշալի ծնողների մասին, որոնք նրան տանել չեն կարողացել, և խախտում է անձնական տեղեկություններ չբացահայտելու մասին համաձայնագիրը»,- ասել էր Թրամփը:
Մերի Թրամփը Թրամփի հանգուցյալ եղբայր Ֆրեդ Թրամփ կրտսերի դուստրն է։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










