ՆԱՏՕ-ն արձագանքել է Պուտինի հայտարարած ՌԴ զորքերի մարտունակության անսպասելի ստուգմանը

10:38 • 18.07.20

ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պահպանում թափանցիկության պայմանները՝  զորքերի մարտունակության անսպասելի ստուգում անցկացնելով, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչն իր թվիթերյան էջում գրել է, որ Ռուսաստանն իր զորավարժությունները բաց չի դարձրել սառը պատերազմի ժամանակներից ի վեր պարտադիր դիտարկման համար, այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն անում են դա: Դա է պարտավորեցնում ռազմական թափանցիկության մասին ԵԱՀԿ Վիեննայի փաստաթուղթը: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ, երկրի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը կարգադրել է բանակի անսպասելի ստուգում անցկացնել: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ստուգումը վերաբերում է Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններին, Օդադեսանտային զորքերին, Հյուսիային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերի ծովային հետևակին:

Շոյգուն մանրամասնել է, որ ստուգման շրջանակում կիրականացվի 56 մարտավարական զորավարժանք, որոնց կմասնակցի մոտ 150 հազար զինծառայող, ավելի քան 26 հազար միավոր տեխնիկա, 414 թռչող սարք, 106 նավ:

ՊՆ-ից հայտնել են, որ ստուգումն անցկացվում է բանակի պատրաստության մակարդակի գնահատման, ինչպես նաև զորամասերին և միավորումներին «Կովկաս-2020» զորավարժություններին մասնակցելու թույլտվություն տալու համար: