Նորակառույցներում բնակարանների գներն իջնում են, քանի որ մարդիկ կանխավճար են տվել, հետո աշխատանք են կորցրել, ընթացիկ վճարները չեն կարողանում վճարել. անշարժ գույքի գործակալության տնօրեն

19:15 • 20.07.20

Անշարժ գույքի շուկայում հիմնականում իջել է նորակառույցների գները, երկրորդային շուկան գների նվազման այդքան մեծ փոփոխություն չի կրել: Ընդհանուր նվազում նկատվում է, բայց ոչ այնքան, որքան նորակառույցներում։ Հունիս ամսվա կադաստրի տվյալներով՝ գործարքների քանակը շատ չի նվազել՝ 1,2 տոկսով է նվազել՝ 2019 թվականի հունիս ամսվա համեմատ: Tert.am –ի հետ զրույցում  նշեց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը:

«Նորակառույցների գները նվազել են, քանի որ նորակառույց շենքերը շատերն են վարկավորումով գնել, իսկ եկամտահարկի օրենքի շնորհիվ գները շատ էր թանկացել: Առկա է նորակառույցների մասով գների իջեցում, քանի որ մարդիկ կանխավճար են տվել, հետո աշխատանք են կորցրել կամ ինչ -ինչ պատճառներով ընթացիկ վճարները չեն  կարողանում վճարել: Եկամտահարկով շատերը բնակարան գնեցին և գների անհամաչափություն առաջացավ: Օրինակ՝ նոր կառուցվող շենքը 1ք/մ-ը վաճառվում է 1100 դոլարով, իսկ կողքը ավարտված շենքի 1 ք/մ-ը 1000 դոլար է: Եկամտահարկի շնորհիվ՝ գներն արհեստական բարձրացել է, այսինքն այդ օրենքի շրջանակում գնաճը բնականոն չի եղել: Մի գուցե այդ օրենքը լավ էր, նախկինում, որպեսզի շուկան աշխուժանար, բայց վերջին երկու տարին չափից շատ գները բարձրացրեց, որը հիմա կարծես շտկվում է»,-նշեց Վահե Դանիելյանը:

Անշարժ գույքի գործակալության տնօրենը նշում է, որ  կանխատեսումներ կան, որ մինչև տարվա վերջ 30 տոկոս գների իջեցում կլինի, սակայն հնարավոր է այդքան չլինի, քանի որ շուկան այդքան վատ վիճակում չէ, ինչպես կանխատեսվում էր, հնարավոր է իջեցում լինի մոտ 20 տոկոսի չափով.

«Հնարավոր է գները  իջնի 30 տոկոս, հնարավոր է՝  իջնի 20 տոկոս, մենք էլ հետևում ենք միջազգային շուկայում ի՞նչ է տեղի ունենում: Հետևում ենք՝ պատվաստանյութի հետ կապված ի՞նչ կլինի, եթե պատվաստանյութը շուտ հայտնաբերվի, հնարավոր է  գները այդքան չիջնեն, բայց հնարավոր է բուժում չլինի և վիրուսը կրկնվի, շատ անկանխատեսելի է ոչ մեկ չգիտի՝ ինչ կլինի:

ԱՄՆ-ում անշարժ գույքի գները չեն իջել, համաշխարհային տնտեսությունը մոտ 6 տոկոս անկում է ունեցել, բայց ուրիշ խնդիր էլ կա, քանի որ ԱՄՆ-ն միլիոններով, տրիլիոններով գումար է տպել և բաժանում է իր բնակիչներին և արդյունքում դոլարը՝ որպես արժույթ, իր գնողունակությունը կորցնում է, և  հնարավոր է այս ճգնաժամից հետո գները բարձրանա, այսինքն ոչ թե գներն են բարձրանում, այլ դոլարն է իր արժեքը կորցնում»,-նշեց նա:

Անդրադառնալով վարձակալության տրվող տների գներին, նա նշեց, որ Կենտրոնում  300.000 դրամ և ավել բնակարանների գները իջել են 40-50 տոկոսի չափով:

Հարցին՝ թե Կառավարության աջակցման ծրագրերում, արդյո՞ք ներառվել է անշարժ գույքի շուկան, Վահե Դանիելյանը նշեց, որ անշարժ գույքի գործակալություններն աջակցություն չեն ստացել, պատճառը հավանաբար այն է, որ անշարժ գույքի գործարքների քանակը նվազել է, բայց չի զրոյացել, ինչը տեղի է ունեցել տուրիստական ոլորտում: