«Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Միացյալ Նահանգները և ո՛չ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, ուստի Սերբիան պատճառ չի ունեցել հրաժարվել զենք վաճառել Հայաստանին»․ Սերբիայի առևտրի նախարար
Ադրբեջանը վերջին օրերին Սերբիային մեղադրել է Հայաստանին զենք մատակարարելու համար, ինչին ի պատասխան Սերբիայի առևտրի նախարար Ռասիմ Լյալիչը հայտարարել է, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Միացյալ Նահանգները և ո՛չ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, ուստի Սերբիան պատճառ չի ունեցել հրաժարվել զենք վաճառել Հայաստանին, գրում է eadaily.com-ը՝ սերբական Nova.rs պարբերականին հղումով։
Սերբական պարբերականը նշում է, որ առևտրի գերատեսչության ղեկավարը Հայաստանին սպառազինություն վաճառելու վերաբերյալ մեկնաբանությունները հնչեցրել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովն «իր ծայրահեղ հիասթափությունն էր հայտնել Հայաստան զենքի արտահանման կապակցությամբ»: Նա Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դանիցե Վեյնովիչին հայտարարել էր, որ Սերբիան մեծ քանակությամբ սպառազինություն է մատակարարել հարևան երկիր, այդ թվում՝ ականանետեր, որոնք օգտագործվել են վերջին հակամարտության ժամանակ: Ադրբեջանի արտգործնախարարն ակնարկել էր, որ մեղադրանքները վտանգում են երկու երկրների բարեկամական հարաբերությունները։
«2020 թվականին Հայաստանին զենք են մատակարարել մասնավոր ընկերությունները․ պետական ընկերությունները չեն մասնակցել գործարքին։ Ես չեմ նշի ընկերությունների անունները, կարող եմ ասել, որ մայիսին և հունիսին Հայաստան են մատակարարվել ինքնաձիգեր և ատրճանակներ՝ մեկ միլիոն եվրոյից պակաս արժողությամբ»,- ասել է Ռասիմ Լյայիչը:
Նա հաստատել է, որ իր նախարարությունը համաձայնեցրել է մատակարարումը, որոշումը ստացել է նաև պաշտպանության, ներքին և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև հետախուզական ծառայության հավանությունը։
«Միայն բոլորի համաձայնությունը ստանալուց հետո, մենք վերջնական թույլտվություն տվեցինք»,- ասել է Սերբիայի առևտրի նախարարը ՝ հավելելով, որ «ո՛չ ԵՄ, ո՛չ Միացյալ Նահանգները և ո՛չ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, Հայաստանին մերժելը բարդ էր»։










