ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հորդորում եմ դադարեցնել Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի հանրային քննարկումը և չեղարկել նախագիծը․ Վիկտոր Կատվալյան
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացված կրթական չափորոշիչին: Նա հորդորել է դադարեցնել Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի հանրային քննարկումը և չեղարկել նախագիծը։ Գրառումը՝ ստորև․
«ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հորդորում եմ դադարեցնել Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի հանրային քննարկումը և չեղարկել նախագիծը՝ նկատի ունենալով շարադրանքի աղաղակող լեզվական սխալներն ու անտրամաբանական ձևակերպումները, մասնագիտական ու բովանդակային անլիարժեքությունն ու թերացումները, կրթական գործի կազմակերպման վերաբերյալ պատկերացումների՝ ազգային ու պետական նպատակներին ու շահերին, առկա աշխարհաքաղաքական իրադրությանը անհամապատասխանությունը»:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունը իր պաշտոնական էջում հրապարակել է և հանրային քննարկմանն է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը: Նախագծով գրականության դասագրքից հանվելու է նախկինում դասագրքում ներառված հայ հեղինակների գործերը, ավելացվելու են հայ և արտասահմանյան ժամանակակից գրողների ստեղծագործություններ:










