ՌԴ-ում ադրբեջանցիները շարունակում են ճնշել հայկական բիզնեսը. «Крокус»-ից հանվել են հայկական ապրանքները (լուսանկարներ) News.am

20:34 • 23.07.20

Ռուսաստանում հայկական բիզնեսի նկատմամբ ճնշումները շարունակվում են: NEWS.am-ը ռուսաստանաբնակ հայերից ահազանգ է ստանում, որ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող «Крокус» առևտրի կենտրոններից հանվել են բոլոր հայկական ապրանքները և դրանք փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:

Աղբյուրին փոխանցված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ցուցափեղկերից հանել հայկական մթերքները և դրանք ցուցադրաբար փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:

Ավելի վաղ մոսկվայաբնակ հայ քաղաքագետ Մարինա Հովսեփյանն էլ գրել էր․

««Ֆուդ Սիթի» ԱԿ-ի հետ «Ֆուդ Սիթի Լոգիստիկ» ընկերությունը, որի սեփականատերը մեր հայրենակինցն է, խզել է 40 մլն․ ԱՄՆ դոլարի արժողությամբ պայմանագիրը, մոտակա օրերս ամբողջ հրեական համայնքը փորձում էր կարգավորել այս հարցը, բայց պայմանագիրը խզվեց։

Այսօր արդեն մեր հայրենակիցներին հանել են «Տվոյ Դոմ» ԱԿ-ից, որի սեփականատերը նույնպես ադրբեջանցի է»։

Հիշեցնենք, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին՝ հուլիսի 16-ի գիշերը Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հանել էին հայկական ապրանքներով բեռնված մեքենաները, որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է:

Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ շուկան պատկանում է «Կիևսկայա պլոշչադ» ընկերությանը, որը ղեկավարում է Մոսկվայում խոշորագույն կոմերցիոն անշարժ գույքի գործակալություններից մեկի սեփականատերերի՝ Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի ակտիվները: