Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիային վերաբերող հարցեր

21:36 • 23.07.20

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը, այս մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը։

Ինչպես նշել են նախարարությունում, Լավրովը և Չավուշօղլու կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասի ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։

«Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին վերջին սրման կապակցությամբ շեշտել է հավասարակշռված մոտեցումների դրսևորման և հակամարտության մեջ ներգրավված կողմերի վրա զսպող ազդեցություն ունենալու անհրաժեշտությունը՝ իրավիճակի հետագա սրումը թույլ չտալու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման նպատակով»,- նշվել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Լավրովն ու Չավուշօղլուն նաև պայմանավորվել են շարունակել բանակցությունները՝ լիբիական ճգնաժամի կարգավորման ուղիներ գտնելու համար: