ԱՄՆ-ի ավելի քան տասը խոշորագույն քաղաքների քաղաքապետերը դիմել են Կոնգրեսին՝ Թրամփի դեմ հետաքննություն սկսելու պահանջով
ԱՄՆ-ի ավելի քան տասը խոշորագույն քաղաքների քաղաքապետերը ընդդիմացել են դաշնային ուժերի գործողություններին, որոնց ուղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ցուցարարներով լի փողոցներում կարգուկանոն հաստատելու համար։ Քաղաքապետերը դիմել են Կոնգրեսին՝ ստեղծված իրադրությանն արձագանքելու խնդրանքով, հաղորդում է voanews.com-ը։
Փաստաթղթի տակ ստորագրել են Պորտլենդի, Սիեթլի, Ատլանտայի, Չիկագոյի, Վաշինգտոնի, Բոստոնի, Ֆիլադելֆիայի, Դենվերի, Լոս Անջելեսի, Օքլենդի և ևս մի քանի քաղաքների քաղաքապետերը:
Նրանք բողոքել են, որ առանց տեղական իշխանությունների հետ համաձայնեցնելու Թրամփը հատուկ ջոկատներ է ուղարկել ամերիկյան քաղաքներ և դա արել է գլխավորապես քաղաքական նկատառումներից ելնելով։
Նրանց խոսքով՝ ուժայինները հաճախ չունեն ճգնաժամային իրավիճակներում բնակչության հետ աշխատելու հմտություններ, և նրանց գործողությունները հիմնականում հանգեցնում են հակամարտությունների սրմանը և բռնության աճին:
Նրանք նաև ընդգծել են, որ աֆրոամերիացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ընթացող բողոքի ակցիաները մեծամասամբ խաղաղ բնույթ են կրում, իսկ ցուցարարներից քաղաքները «մաքրելու» Թրամփի փորձերը ԱՄՆ քաղաքացիների սահմանադրական հիմնարար իրավունքների աննախադեպ խախտում է։ Այդ կապակցությամբ քաղաքապետերը Կոնգրեսին կոչ են արել անհապաղ հետաքննություն սկսել նախագահի և նրա վարչակազմի նկատմամբ: Նրանք նաև առանձին նամակ են հղել Արդարադատության նախարարության և Ներքին անվտանգության նախարարության ղեկավարներին՝ պահանջելով հետ կանչել իրենց ենթակա ուժայիններին։










