«Մենք չենք ընդունում սպառնալիքների լեզուն»․ Թուրքիան պատասխանել է Մակրոնի՝ Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները խախտելու համար լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հայտարարությանը

21:46 • 23.07.20

Թուրքիան հանդես է գալիս Արևելյան Միջերկրածովյան բնական ռեսուրսների արդարացի բաշխման օգտին և մենք պահանջում ենք միայն այն, ինչ իրավամբ մեզ է պատկանում, այսօր «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը անորոշության շրջանում» թեմայով համաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեկնաբանություններին ի պատասխան հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, գրում է eadaily.com-ը։

Նրա խոսքով՝ եթե «Հունաստանն ու Կիպրոսը փորձում են օգտագործել ԵՄ-ին անդամակցության քարտը Անկարայի վրա ճնշում գործադրելու նպատակով, ապա դա ոչ մի արդյունք չի տա»։

Ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները խախտելու համար Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հայտարարությանը, նա ասել է, որ Թուրքիան հանդես է գալիս Արևելյան Միջերկրածովյան բնական ռեսուրսների արդարացի բաշխման օգտին։

«Մենք պահանջում ենք միայն այն, ինչ իրավամբ մեզ է պատկանում, և չենք ընդունում պատժամիջոցների և սպառնալիքների լեզուն»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում սադրանքներին չարձագանքելը Եվրամիության կողմից լուրջ սխալ կլինի: Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ձգտելու է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր «խախտել են Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները»։

Ֆրանսիայի նախագահը հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ հուլիսի 21-ին Թուրքիայի ռազմածովային ուժերը հաղորդագրություն էին տարածել Կիպրոսի և Կրետե կղզու միջև ծովային շրջանում հորատման աշխատանքների նախապատրաստման մասին, ինչը, ինչպես նշել են Աթենքում, Հունաստանի մայրցամաքային տարածք ներխուժելու՝ Անկարայի փորձն է:

«Միջերկրական ծովի այդ հատվածում, որը կենսական նշանակություն ունի մեր երկու երկրների համար, էներգետիկայի և անվտանգության հարցերն առաջնային նշանակություն ունեն»,- Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին հայտարարել է Մակրոնը՝ նշելով, որ այդ հատվածում ազդեցության պայքար է ընթանում, մասնավորապես՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ, որոնց զսպելու համար ԵՄ-ն լուրջ քայլեր չի ձեռնարկում։