Բուլղարիայի վարչապետը երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին հայտարարել է 4 նախարարի աշխատանքից ազատվելու մասին

16:24 • 23.07.20

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին հայտարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, ներքին գործերի և զբոսաշրջության նախարարների աշխատանքից ազատման մասին և այդ պաշտոններին նոր թեկնածուներ է առաջադրել: Այս մասին տեղեկացնում է Բուլղարիայի ազգային հեռուստաընկերությունը:

Բորիսովը տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում են ներկայացրել ֆինանսների նախարար Վլադիսլավ Գորանովը, էկոնոմիկայի նախարար Էմիլ Կարանիկոլովը, ներքին գործերի նախարար Մլադեն Մարինովը և զբոսաշրջության նախարար Նիկոլինա Անգելկովան: Վարչապետի խոսքով` ֆինանսների նախարարի պաշտոնը կզբաղեցնի ներկայիս առողջապահության նախարար Կիրիլ Անանևը, ներքին գործերի նախարարի պաշտոնը` ոստիկանության նախկին գլխավոր կոմիսար Խրիստո Թերզիյսկին, զբոսաշրջության նախարար կդառնա Մարիանա Նիկոլովան, առողջապահության նախարար` Կոստադին Անգելովը:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնին հավակնում է փոխնախարար Լուչեզար Բորիսովը:

Նոր նախարարների նշանակումը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից:

Բուլղարիայում հուլիսի 9-ից չեն դադարում երկրի նախագահ Ռումեն Ռադևի աջակցությանն ուղղված ակցիաները: Բուլղարական ԶԼՄ-ները որպես բողոքի ակցիաների պատճառ նշում են նախագահի անվտանգության և իրավական հարցերով խորհրդականների ձերբակալությունները: Խորհրդականները ձերբակալվել են պետական գաղտնիք բացահայտելու և անձնական շահերից ելնելով` ազդեցության չարաշահման համար: