Կիևում հանգիստ է, մեր դեսպանությունն ամեն վարկյան կապի մեջ է հայկական կազմակերպությունների հետ․ Ա․ Աբովյանը արտերկրում հայերի դեմ բռնությունների վերաբերյալ զրուցել է Կիևի հայ համայնքի ղեկավարի հետ

17:58 • 24.07.20

Քիչ առաջ խոսեցի Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Կիևում հանգիստ է, մերոնք իրավիճակը պահում են լուրջ վերահսկողության տակ։ Ուկրաինայի իշխանությունները շատ արագ և էֆեկտիվ արձագանքում են իրավիճակին։ Դեսպանությունն ամեն վարկյան կապի մեջ է հայկական կազմակերպությունների ղեկավարության հետ։ Կրկնեմ` իրավիճակը հանգիստ է։

Իմիջիայլոց, սա նաև հետևանք է, որ Ուկրաինայում գործող հայկական կազմակերպությունները շատ էֆեկտիվ են և համակարգված։

Ի դեպ, ուկրաինական իրավապահները, կարծես թե, բացահայտել են հակահայկական սադրանքներ կատարողներին։ Առայժմ այսքանը։

Նաև մշտական կապի մեջ եմ մերոնց հետ Մոսկվայում: Այնտեղ իրավիճակն ավելի բարդ է, բայց մերոնք այնտեղ էլ շատ լուրջ աշխատում են, որ իրավիճակը չընթանա ադրբեջանցիների նախագծած սցենարով։

Առայժմ այսքանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին: